Մարտի 17-ին և ապրիլի 8-ին ՀԱԿ ցույցերը նշանավորեցին իշխանությունների հետ ՀԱԿ պայքարի ռազմավարության կտրուկ փոփոխությունը: Եթե մարտի 1-ի ցույցում ՀԱԿ-ն իշխանություններին մեղադրանք է առաջադրել` կազմված 15 կետերից, ապա մարտի 17-ի ցույցում այդ պահանջները հասել են երեքի` քաղբանտարկյալների ազատ արձակում, «Ազատության» հրապարում ցույցերի ազատ անցկացում, ինչպես նաև 2008-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտում և մեղավորների պատժում: Ընդ որում, մարտի 17-ի ցույցի ժամանակ, երբ հայտարարվել են այդ պահանջները, ՀԱԿ առաջնորդը հայտարարել է ցուցարարներին, որ այդ պահանջները չկատարելու դեպքում հաջորդ հանրահավաքը որոշելու է ՀԱԿ հետագա քայլերը: Սակայն ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխել է որոշում ընդունելու ամսաթիվն ապրիլի 28` իշխանություններին ևս մեկ նախազգուշացում կատարելով: Իշխանությունները դեռ միայն բանտերից ազատ են արձակել մարտի 1-ի դեպքերի գործով մի քանի դատապարտյալների և իրենց հայտարարություններով հերքում են երկրում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` ՀԱԿ գլխավոր պահանջը:
Ընդհանրապես ՀԱԿ առաջնորդների պահվածքը վերջին ցույցերի ժամանակ կողմնակի դիտորդին հանգեցնում է այն մտքին, որ ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ավելի շատ մտածում է, թե ինչպես տապալի գործող իշխանություններին, քան այն մասին, թե ինչպես հանգստացնի ցուցարարների զանգվածների արմատական տրամադրությունները, որոնք մեծամասամբ նրանց ջանքերի հետևանք են: Իր վերջին ելույթի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, փորձելով ինչ-որ կերպ բացատրել ՀԱԿ զսպվածությունը, հայտարարել է այն մասին, որ նրանք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի խնդրով և չեն ցանկանում ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը հօգուտ Ադրբեջանի: Միաժամանակ, պետք է նշել, որ շատերի մոտ այդ հայտարարության ժամանակ տրաբանական հարց ծագեց` ինչու նախկինում իրենց արմատական հայտարարություններում և գործողություններում ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը չէին անհանգստանում Ղարաբաղի խնդրի համար, իսկ ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ նույնիսկ հայտարարել են ցույցերի ժամանակ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի կարող պատրվակ լինել իշխանությունների դեմ վճռական պայքարում:
Պայքարի ընթացքի կտրուկ փոփոխությունն ամեն դեպքում ազդել է ՀԱԿ-ի վրա: Եթե փետրվարից ՀԱԿ ցույցերի մասնակիցների թիվն աճում էր, իր գագաթնակետին հասնելով մարտի 17-ի ցույցի ժամանակ, ապա դրանից հետո մարդկանց պարզ դարձավ, որ չնայած իր կտրուկ հայտարարություններին, Լևոն Տեր-Պետրոսյանը չի նախատեսում անցում կատարել վճռական գործողությունների: Դա առաջացրել է հասարակության ընդդիմադիր մասի հիասթափությունը, որի արդյունքն է դարձել ապրիլի 8-ի ցույցի ժամանակ ցուցարարների թվի նվազումը: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ բացասական են ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու փորձերը: Մասնավորապես, «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Վերջին ցույցերից հետո ԶԼՄ-ներում և հասարակության մեջ սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ ՀԱԿ առաջնորդը գործարք է կնքել իշխանությունների հետ, և պայքարի արմատանական մեթոդներից հրաժարվելու դիմաց նրան խոստացել են հաջորդ գումարման ԱԺ-ում ներկայություն ապահովել: ՀԱԿ-ը ջանասիրաբար հերքում է այդ լուրերը, սակայն նրա դեմ է վկայում այն, թե ինչ հեշտությամբ են ցուցարարներն ապրիլի 8-ին մտել «Ազատության» հրապարակ:
Ամփոփելով վերոնշյալը, կարելի է նշել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմա ՀԱԿ հետագա գործողությունների պլանի բավական բարդ ընտրության առաջ է: Մի կողմից նա կարող է գնալ իշխանությունների հետ հակամարտության լարման և փորձել գալ իշխանության գլուխ: Մեկ այլ կողմից ՀԱԿ-ը կարող է ընտրել ներկան` իր մի քանի պահանջների կատարումը, ներկայություն խորհրդարանում և այլն, սակայն ՀԱԿ առաջնորդը հավանաբար լավ է պատկերացնում, որ դեպքերի զարգացման նման սցենարի դեպքում նա վտանգում է կորցնել իր կողմնակիցների զգալի մասին, և ինչպես հեգնաբար նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, «հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ից կմնա միայն «կամուֆլյաժը»: Առայժմ ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում են քաղաքական դաշտից հեռացնել այն քաղաքական ուժերին, որոնք կարող են դառնալ ՀԱԿ այլընտրանքն ընդդիմադիր ճակատում, որպեսզի հայ հասարակությունն ունենա գործող իշխանությունների միակ այլընտրանքը` ՀԱԿ-ը: Հենց այդ համատեքստում կարելի է դիտարկել ՀԱԿ հարաբերությունները «Ժառանգության» հետ և փոխադարձ հարձակումները: Մնացած հարցերի պատասխանները կտա ապրիլի 28-ի ցույցը, երբ ՀԱԿ-ը և նրա առաջնորդը ստիպված կլինեն ցուցարարներին ցույց տալ ուղին, որով պատրաստվում են ընթանալ իրենց քաղաքական պայքարում: