Ըստ նրա, աղացաքարերը, ամենայն հավանականությամբ, իրենց տեղում են եղել: Նա պատմեց, որ արտեֆակտի հայտնաբերման պես նրանք զանգահարել են Երևան քաղաքի պատմության թանգարան և հայտնել այդ մասին, որտեղ էլ խոստացել էին գտածոն տեղափոխել թանգարան: Սակայն, անհասկանալի պատճառներով արտեֆակտերը չեն տարվել թանգարան: Բացի դրանից, ըստ հնագետի, ահազանգ է կատարվել նաև հուշարձանների պահպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկին, սակայն նրանք պատճառաբանել են, թե խիստ զբաղված են, և նույնիսկ չեն եկել տեսնելու գտածոները:
Մի քանի օր հետո աղացաքարերը առեղծվածային կերպով պարզապես անհայտացել են: Ազգագրագետի խոսքերով, դրանք գտնվում են մեծահարուստներից մեկի ամառանոցում, բայց թե ում, կոնկրետ ասել չի կարող:
Համաձայն գրավոր աղբյուրների, Երևանում միջին դարերում գործել են մոտ 60 ջրաղաց և ընդամենը մի քանի ձիթհաններ: Համաձայն արխիվների, 1930-ական թթ-ին ձիթհան հայտնաբերվել է ներկայիս Կորյունի փողոցում, սակայն այդ տեղեկություններն աղոտ են և գտածոները ոչ մի տեղ չկան:
Հայկական լեռնաշխարհում կիրառվել է երկու տեսակի ձիթհան: Դրանց արտաքին տեսքը սկսած 10 դ-ից մինչև 20 դ-ի սկիզբը գործնականում չի փոխվել և հետևաբար դրանց թվագրումը բավական դժվար գործ է: Բարձրադիր գոտիների ձիթհանները նախատեսված էին կտավատից ձեթ քամելու համար, իսկ ցածրադիր, դաշտավայրային գոտիների ձիթհանները նախատեսված էին քունջութից ձեթ ստանալու համար: Այդ երկու մթերքներից ձեթ քամելու տեխնոլոգիաները բավական տարբեր են: Հետաքրքրականն այն է, որ Երևանի ձիթհանը կտավատի համար էր նախատեսված, իսկ կտավատ Երևանում քիչ է աճում և քիչ է մշակվել: Սովորական ձիթհանները ունեցել են մոտ 20 մ երկարություն և 15 մ լայնություն և մեծ համալիր են իրենցից ներկայացրել: Երևանում հայտնաբերված աղացաքարերից մեկն ունի 1.76 մ տրամագիծ, որը միջին հզորության է:
Առաջին հայացքից նման պատմությունները շատ տարօրինակ և անհասկանալի են թվում: Սակայն, սա միակ դեպքը չէ: Ողջ միջնադարյան Երևանը տեղակայված էր ներկայիս Երևանի փոքր կենտրոնում, սակայն փաստն այն է, որ այժմ մենք քաղաքի կենտրոնում չունենք հնավայր և քիչ են կենտրոնից հայտնաբերված արտեֆակտերը: Հասարակությունը և մասնագետները հիմնականում տեղյակ չեն լինում, քանի որ կենտրոնում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ, հնարավոր է, որ նույնիսկ համապատասխան մարմինները չեն իրազեկվում գտածոների մասին:
Դրա շնորհիվ ներկայիս Երևանը, իր նոր շինություններով փակում է Երևան քաղաքի հին, պատմամշակութային շերտերը: Նման ճակատագիր ունեցավ Սբ. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու պատմական միջավայրը, որի մոտ հայտնաբերվեցին մի քանի հնագիտական արտեփակտեր, սակայն շինարարության շնորհիվ պեղումներ չկատարվեցին և այժմ տարածքի մեծ մասը ցեմենտով է ծածկված: 2009 թ-ին Եզնիկ Կողբացում փողոցում շինարարական աշխատանքներ կատարելիս կարաս էր հայտնաբերվել: Հնագետները որակեցին այն որպես ոչ արժեքավոր հնագիտական իր, առանց թվագրություն տալու՝ կարասը նույնիսկ տեղից չհանելով և չուսումնասիրելով, իսկ շինարարությունը շարունակվեց: Թե ինչ կարող էր հայտնաբերվել այդ տարածքում, անհնար է ասել, սակայն փաստն այն է, որ նույնիսկ կարասը մնաց իր «պատմական միջավայրում» և հետագա դարերում ուսումնասիրության չի ենթարկվի:
Ձիթհանի աղացաքարերի այս մասնավոր դեպքը կարելի է անվանել բացառիկ, քանի որ Երևանի մի քանի բարեխիղճ քաղաքացիների ահազանգի շնորհիվ գոնե արձանագրվեց ձիթհանի առկայության փաստը և մակերեսային ուսումնասիրություններ կատարվեցին: Հաճախ հասարակությունը ինքն է անտարբեր լինում նման փաստերի նկատմամբ: Բացի դրանից, յուրաքանչյուր քաղաքացի, նման փաստի հանդիպելով, պարտավոր է տեղեկացնել համապատասխան մարմիններին, հետևաբար համապատասխան մարմիններն էլ պարտավոր են լինել դեպքի վայրում և փաստը արձանագրելուց բացի, հետագայում հոգ տանել այդ արժեքների մասին: Մենք կարող ենք միայն արձանագրել, որ Երևան քաղաքի կենտրոնը հիմա ամենաքիչն է ուսումնասիրված և հետագայում ուսումնասիրման հնարավորությունները նվազագույնն են լինելու: