Այս խաղում Հայաստանի հավաքականը ցուցադրեց ավելի հետաքրքիր և գեղեցիկ խաղ, քան առաջին խաղում, բայց կորցրեց 3 միավոր:
Հայ ֆուտբոլիստների գերազանցությունը ռուսների նկատմամբ ստիպված էր ընդունել նույնիսկ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: Նա ասել է, որ մարտին Երևանում նրա թիմն ավելի լավ է խաղացել: «Դե ինչ, շատ գոհ ենք արդյունքից, քանի որ մենք գիտեինք, որ պարտավոր ենք այսօր հաղթել: Մեր խաղը լավագույններից չէր»,- նշել է Ադվոկատը: Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ երբ հաշիվը 1:1 էր, խաղը հավասար էր, բայց մինչև ռուսների երկրորդ գոլը: «Ընդհանուր առմամբ մեզ չի բավականացնում փորձը: Մեզ համար գլխավորն է շարունակել շարժվել առաջ»,- ասել է Մինասյանը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են Հայաստանի հավաքականին 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ռուսաստանի հետ խաղի ժամանակ, որն ավարտվել է 3:1 հօգուտ ռուսական թիմի:
«Ողջ աշխարհը տեսավ, թե ինչի է ընդունակ Հայաստանի հավաքականը, և մենք մեկնել էինք Ռուսաստան միայն հաղթանակի ետևից: Շնորհակալություն բոլորին մաղթանքների և լավ խոսքերի համար»,- գրել է Մովսիսյանը:
Ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լաննուան սխալմամբ է տասնմեկմետրանոց հարված նշանակել Հայաստանի հավաքականի դարպասին: Այդ մասին հունիսի 4-ին կայացած Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից հետո հայտնել է Հայաստանի ընտրանու կապիտան Սարգիս Հովսեփյանը: «Վիրավորական պարտություն է, չէ որ մենք առաջինն էինք գոլ իրացրել և հաշվով առջևում էինք: Նման իրադրություններում պարտվելը միշտ վիրավորական է: Ինչ վերաբերում է պենալտիին, ապա այնտեղ, իհարկե, ոչ մի խախտում չկար: Բոլորն էլ տեսան, մենք արդեն դիտել ենք տեսագրությունը, երևում է, որ ես կանոն չեմ խախտել: Բայց դե տրամադրությունն ամենավատը չէ, պարզապես եթե հաղթեինք, շատ ավելի բարձր կլիներ: Բայց դե ի՞նչ արած:
Ռուսաստանը մեր խմբի գլխավոր ֆավորիտն է», - լրագրողներին է պատմել Հայաստանի հավաքականի պաշտպանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տվյալ պահին Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր, B խմբում նա զբաղեցնում է 4-րդ տեղը, Իռլանդիայի, Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականներն ունեն 13-ական միավոր: Հայաստանի հավաքականը հաջորդ խաղն անցկացնելու է սեպտեմբերի 2-ին Անդորրայի հավաքականի հետ:
Երևանում կայացած Հայաստան-Մոնտենեգրո ԵԱ-2013 ընտրական հանդիպման երկրորդ խաղակեսը սառը ցնցուղ էր Մոնտենեգրոյի հավաքականի համար: Չնայած, որ Հայաստանի հավաքականը 10 հոգով էր խաղում, նա կարողացավ խաղն իր ձեռքը վերցնել և արդեն 52-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Էդգար Մալաքյանը` դառնալով այս հանդիպման կրկնակի գոլի հեղինակ: Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստներն առջևում էին 1:0 հաշվով:
Հայաստանի հավաքականը վստահ էր խաղում` շատ լավ վերահսկելով գնդակը, և այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ փոքրամասնությունը մրցակցի հավաքականն էր: Գոլ իրացնելու հոյակապ շանս ուներ Կամո Հովհաննիսյանը, սակայն նրա հարվածից հետո գնդակը Նեմանի Շտեկիչի ձեռքում հայտնվեց: Դրանից հետո տուգանային հարվածով դարպասաձողին հարվածեց թիմի ավագ Արտակ Եդիգարյանը: Հաշիվը մեծացնելու շանս ունեին նաև Մասիս Ոսկանյանը, Էդգար Մալաքյանը, սակայն դա հաջողվեց Հովհաննես Համբարձումյանին: Մեկ րոպե անց աչքի ընկավ Մոնտենեգրոյի թիմի ավագ Ստեֆան Նիկոլիչը` 3:1: Հակառակորդին իր հնարավորությունների հարցում կասկածի տեղիք չթողեց փոխարինման դուրս եկած Վալտեր Պողոսյանը` հաշիվը դարձնելով 4:1:
Մոնտենեգրոյի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Դուշան Վլայսավլևիչը Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում 4:1 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ Հայաստանն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան իր թիմը:
«Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ քննադատում մեր խաղը: Մենք բավական երկար ճանապարհ էինք անցել Անդորրայից մինչև Հայաստան և կես օր կորցրել էինք. խաղի ժամանակ երևում էր, որ մարզիկները հոգնած են: Նրանք շատ դանդաղ էին գործում, և փոխարինման դուրս եկած մարզիկները նույնպես ոչինչ չկարողացան փոխել խաղում», - ասել է Վլայսավլևիչը:
Մոնտենեգրոյի մարզիչը նշել է, որ առաջին գոլն ընդունեցին դարպասապահի սխալից հետո, և թիմը թևաթափ եղավ: Հանդիպումից մեկ օր առաջ՝ նախքան խաղը կայացած մամլո ասուլիսում նա Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբից հաղթող ճանաչվելու հարցում իրենց հիմնական հակառակորդը Չեխիային էր համարում: Հայաստանի ընտրանու հետ խաղից հետո նա ստիպված է խոստովանել, որ Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին:
«Ես գոհ եմ խաղից, մենք կարողացանք նման հաղթանակ տանել տաս հոգով, թեև դեռ աշխատելու տեղ ունենք: Բայց եթե փոքրամասնությամբ կարողացանք այնպես անել, որ խաղի որակը չընկնի, ապա կարող եմ ասել, որ այս ֆուտբոլիստներին մեծ ապագա է սպասում», - Մոնտենեգրոյի հավաքականի հանդեպ հաղթանակից հետո ասել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Մարզիչը խոստովանել է, որ նման խաղ չէր սպասում իր սաներից: Իսկ ընդմիջմանը նրանց ասել էր, որ պետք չէ միայն պաշտպանվել, և անհրաժեշտ է կարճ փոխանցումներով խաղալ: «Ֆուտբոլիստները պետք է հոգեբանորեն նախապատրաստվեն, ապագան ցույց կտա, թե նրանք ինչի են ընդունակ», - ավելացրել է Նազարյանը, որի ղեկավարությամբ առաջին իսկ խաղում Հայաստանի երիտասարդական ընտրանու ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին Չեռնոգորիայի հավաքականին:
Մոնտենեգրոյի հետ հանդիպումը ԵԱ-2013 ընտրական մրցաշարի շրջանակներում առաջինն էր Հայաստանի երիտասարդական հավաքականի համար, և թիմն իր խմբում 3 միավոր վաստակեց: Նույնքան միավոր ունեն նաև Մոնտենեգրոյի և Չեխիայի հավաքականները:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող Գևորգ Բադալյանը Մոնտենեգրոյի հավաքականի հետ հանդիպումը գերազանց է գնահատում: «Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք, բոլորն էլ հոյակապ խաղացին և արժանի հաղթանակ տարան: Հակառակորդը թույլերից չէր, պարզապես մենք լավ էինք նախապատրաստվել»,- Մոնտենեգրոյի հանդեպ 4:1 հաշվով վստահ հաղթանակից հետո PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Բադալյանը:
Հայաստանի և Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականների խաղում երկու գոլի հեղինակ Էդգար Մալաքյանը խոստովանել է, որ նրանք շատ հավաքված են խաղացել և իրագործել են իրենց առջև դրված նպատակը:
«Մարզիչը շատ լավ կարողացել է տրամադրել մեզ խաղին, մրցակիցը բարձրակարգ ֆուտբոլ էր ցուցադրում և ֆիզիկապես ուժեղ, բայց մենք մեր աշխատանքի և ցանկության շնորհիվ կարողացանք հաղթել»,- ասել է Մալաքյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: