Սիրիական գործերին, ինչպես միշտ, միջամտում է ԱՄՆ-ը` անկեղծորեն ենթադրելով, որ բողոքարարներն ավտորիտար վարչակարգի փոխարեն ժողովրդավարություն են ուզում: Մինչդեռ արժեր հաշվի առնել արաբական աշխարհի և ընդհանրապես Արևելքի հոգեբանությունը, որին հզոր ձեռք է հարկավոր: Այլապես այնտեղ քաոս և քաղաքացիական պատերազմ կսկսվի, ինչի փայլուն օրինակը նույն Լիբիան է:
«Ես կարծում եմ, որ անցյալ շաբաթ Ասադի ձեռնարկած գործողությունները, անկասկած, գրավեցին այն երկրների ուշադրությունը, որոնք մինչ օրս ավելի զուսպ էին սիրիական վարչակարգի հասցեին քննադատությունների հարցում, այնպես որ մենք տեսնում ենք, որ գնալով ավելի շատ երկրներ են քննադատում կառավարության գործողությունները: Մենք նախկինի պես գտնում ենք, որ քաղաքական դատապարտումը պետք է ուղեկցվի տնտեսական բնույթի ավելի վճռական միջոցներով, որպեսզի Սիրիայի վրա գործադրվող ճնշումն ավելանա»,- հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլենդը:
Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Բահրեյնը հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայից, Իրաքի խորհրդարանը Սիրիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը, իսկ Արաբական պետությունների լիգան և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը հանդես են եկել բռնությունը դատապարտող հայտարարություններով:
SANA գործակալության հաղորդմամբ, նախագահ Ասադը բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ ճնշումները հիմնավորում է նրանով, որ ինքը ստիպված է լինում գործ ունենալ ահաբեկչական խմբերի հետ: ԱՄՆ-ի և այլ երկրների բոլոր այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին: Ճիշտ է, Վաշինգտոնը դա առաջին անգամ չի անում և, պետք է ենթադրել, ոչ վերջին: Սակայն իրադարձություններին Սիրիայում արդեն մտադիր է միջամտել Իրանը: ԻԻՀ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալահեթդին Բորուջերդիի խոսքով, Իրանը թույլ չի տա, որպեսզի Սիրիան ԱՄՆ քաղաքականության հերթական զոհը դառնա, և կմոբիլիզացնի բոլոր ջանքերը, որպեսզի Սիրիան շարունակի պաղեստինյան ժողովրդի դիմադրության կենտրոնը մնալ»: Թե ինչ կապ ունի այստեղ պաղեստինյան ժողովուրդը, այնքան էլ հասկանալի չէ, եթե չհաշվենք, որ Սիրիայի ու Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, և հենց Սիրիան է մասնակցել հրեաների դեմ արաբների գրեթե բոլոր պատերազմներին:
«Մեր առջև ընտրություն է` կամ Սիրիան հանձնել Ամերիկայի հայեցողությանը և ՆԱՏՕ-ին հնարավորություն ընձեռել հնարած պատրվակով հարձակվելու Սիրիայի վրա` դրանով իսկ ավելացնելով իսլամական աշխարհի ողբերգությունը: Կա նաև մյուս ճանապարհը. օգնություն ցուցաբերել Սիրիային, որպեսզի այդ երկրում հակամարտություններին վերջ տրվի»,- ավելացրել է Բորուջերդին:
Դրա հետ մեկտեղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքում ոմն զինվորական հայտնել է, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Իրաքյան Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի: Եթե Թուրքիայի բանակը մտնի Սիրիա, ապա Իրանը պատերազմ կհայտարարի Թուրքիային: Սակայն ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում Բանակի պաշտոնական դիրքորոշմանը:
Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել նաև Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը: Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի խոսքով, իրադարձությունները Սիրիայում Թուրքիայի ներքին գործը չէ, ինչպես դա ներկայացնում է վարչապետ Էրդողանը: Քըլըջդարօղլուն նաև գտնում է, որ թուրքական բանակի մասնակցությունը առայժմ չհնչեցված դաշնակիցների` Սիրիայի դեմ ենթադրյալ օպերացիային անընդունելի է: Թուրքիայի համար գլխավոր վտանգը քրդերն են, որոնք իսկապես կարող են լայնամասշտաբ ապստամբություն բարձրացնել Սիրիայի վրա հարձակման դեպքում: Իսկ թուրքական բանակը ներկայումս թուլացած է ձերբակալությունների արդյունքում, և միանգամայն կարող է այնպես պատահել, որ ազատության մեջ մնացած գեներալները, րոպե չկորցնելով, պաշտոնանկ անեն Էրդողանին «հանուն ազգային անվտանգության»: XX դարում Թուրքիայում հինգ ռազմական հեղաշրջում է եղել, և առայժմ ամբողջովին չթուլացած բանակին ոչինչ չի խանգարում կատարելու ևս մեկը: Չնայած, որ Արդարության և զարգացման կուսակցությունը (AKP) ընտրություններում հավաքեց ձայների գրեթե 50%, քեմալիզմի վերջնական պարտության մասին խոսելը վաղաժամ է: Իսկ մասնակցությունը «սիրիական արկածին» Էրդողանի կառավարությանը ցանկալի դիվիդենդներ չի բերի:
Կարինե Տեր-Սահակյան
-ԱՊ-
Բաշար Ալ-Ասադը չի պատրաստվում կիսել Մուբարաքի, Բեն Ալիի և Քադդաֆիի ճակատագի՞րը