Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկրետ է ստորագրել 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին:
Դեկրետի համաձայն, եկեղեցիներին հանձնվելու են նախկին հոսպիտալները, մանկատների շենքերը և դպրոցները: Պատմական գրությունների համաձայն ավելի քան 2000 հայկական եկեղեցիներից, որոնք գործում էին ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչև 1915-ը, այսօր գործում է շուրջ 50-ը:
Էրդողանի որոշումը, ամենայն հավանականությամբ, թելադրվել է Իրանի պահվածքով, որտեղ հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության իրավունք և ներկայացված է երկրի խորհրդարանում: Այնպես որ այս որոշման մեջ արտառոց ոչինչ չկա: Ավելի շուտ Թուրքիան որոշել է ինչ-որ կերպ փոխհատուցել Արձանագրություններից հրաժարվելը: Այստեղ մեծ դեր է խաղացել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որտեղ շատ հայցեր են կուտակվել հողերի և շենքերի իրական ժառանգորդների կողմից: Միևնույն ժամանակ, նա ոչ ուղղակիորեն խոստովանել է, որ քրիստոնյաների ունեցավածքը խլվել է անօրինական ճանապարհով: Անկարան ճիշտ է համարել. ավելի հեշտ և էժան է վերադարձնել, քան վճարել հայցերը: Այդ գումարը ներկա պայմաններում կազմում է միլիարդավոր դոլարներ: Նույնիսկ շատ զարգացած տնտեսությամբ երկիրը չի դիմանա նման բանի, էլ չասած Թուրքիայի մասին, որի տնտեսական բումը շուտով փոխվելու է դեպրեսիայի:
Էրդողանի որոշումը հրապարակվել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ ԱԳՆ-ին տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումները, որտեղ կարող են ընդգրկվել 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որի հեղինակներն են Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:
2008-ին իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանում մտցրել է «Հողատարածքների մասին» օրինագիծը, որը ստացել է օրենքի ուժ և հնարավորություն ընձեռել վերադարձնել ազգային փոքրամասնությունների սեփականությունը, որը նրանցից խլվել է 1936-ին և 1975-ին: Որոշման համաձայն, ազգային փոքրամասնությունների 162 հիմնադրամներին պատկանող անշարժ գույքը 12 ամսվա ընթացքում պետք է վերադարձվի: Պետությունը վճարելու է համայնքների հիմնադրամին այն գումարը, որը համարժեք է անշարժ գույքի արեժքին, և որն արդեն անցել է երրորդ կողմին: Միայն Ստամբուլում պետք է վերադարձվեն 30 շինություններ, որոնք պատկանել են հայկական եկեղեցիների ֆոնդերին: Իրականում Անկարան ուղղակի 80 տարի ուշացումով կատարել է Լոզանի հաշտության պայմանագիրը, որի համաձայն ազգային փոքրամասնություններին պետք է վերադարձվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զավթած ունեցվածքը: