Պաշտոնական Թբիլիսին, պետք է արժանին մատուցել նրան, պայքարեց մինչև վերջ՝ Ռուսաստանի մուտքը ԱՀԿ թույլ չտալու համար, նույնիսկ գիտակցելով, որ կպարտվի: Ողջ ինտրիգը ծավալվում էր Մոսկվայի կողմից Հարավային Օսեթիան և Աբխազիան ճանաչելու ֆոնի վրա, տարածքներ, որոնք Վրաստանը մինչև հիմա համարում է իրենը: Ռուսաստանը բանակցություններ է սկսել ԱՀԿ մտնելու մասին սկսած 1993-ից: Սակայն 2008-ի ապրիլի վերջին Վրաստանը դուրս եկավ բանակցային գործընթացից՝ բողոքելով Ռուսաստանի նախագահի հանձնարականի դեմ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու մասին: 2008-ի օգոստոսի «հնգօրյա պատերազմից» հետո Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան հայտարարելով բռնազավթված տարածքներ: Այդ ժամանակներից ի վեր Թբիլիսին դեմ է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը: Բայց 2011-ի մարտին բանակցությունները վերսկսվեցին Շվեյցարիայի միջնորդությամբ, և ինչպես տեսնում ենք, պսակվեցին հաջողությամբ: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նյուլանդի խոսքով, ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմանի հարաբերությունները:
Վրաստանի համաձայնության համար վերջին պայմանն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ ՌԴ սահմաններում տրանսպորտային միջանցքներում բեռների դիտարկումն ապահովելն է: Ինչպես երևում է, Վրաստանը դեռ փորձում է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը ներկայացնել որպես քաղաքական: Հասկանալի է, որ Թբիլիսին ինչ-որ լուրջ դիտարկում նկատի չունի, ավելին, այդ դիտարկումը ոչ մեկին էլ պետք չէ: Ուղղակի Թբիլիսին ցանկանում է ցույց տալ, ոչ նա ի վիճակի է վերահսկել վաղուց անջատված պետությունների տարածքները, որոնք, ի դեպ, անջատվել են ոչ առանց Վրաստանի «օգնության»: Եթե չլիներ Աբխազիում 1991-ի պատերազմը, հնարավոր է, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Պետք է նշել նաև, որ վրացական ռուսաֆոբիան ավելի շատ մտացածին է և նախատեսված արտաքին օգտագործման համար: Թբիլիսիում, չգիտես ինչու, կարծում են, որ հակառուսական հռետորությունը կօգնի ավելի շուտ մտնել ՆԱՏՕ և ԵՄ: Հնարավոր է, Վրաստանին ընդունեն ՆԱՏՕ, բայց միայն այն պատճառով, որ նա սահմանակից է Ռուսաստանին, և հետևաբար, Հյուսիսատլանտյան դաշինքը կկանգնի Ռուսաստանի հետ սահմանին: Ի պատասխան անդամակցության, Ռուսաստանը պետք է նվազեցնի արտահանման տուրքերը, անցկացնի գազի ներքին գների լիբերալիզացիա: Ռուսաստանի ԱՀԿ մտնելու առաջին տարվա ընթացքում արտաքին առևտրի ոչ մի տուրք չի նվազեցվելու: Ապրանքների տարբեր խմբերի համար նախատեսված են անցումային փուլեր մեկից մինչև յոթ տարի, յոթ տարվա ընթացքում արդյունաբերական ապրանքների գները կնվազեն միջինը 11,1-ից մինչև 8,2 տոկոս: Ռուսաստանում արտադրվող սպառողական ապրանքների մաքսատուրքերը գրեթե չեն նվազելու (բացառությամբ ավտոմեքենաների և կոշիկի): Միևնույն ժամանակ, չեղյալ են համարվելու համակարգիչների տուրքերը, նվազեցվելու են կենցաղային էլեկտրոնիկայի և էլեկտրոտեխնիկայի, դեղերի, տեխնոլոգիական և գիտական սարքավորումների տուրքերը: Պետությունը կարող է աջակցել գյուղատնտեսությանը տարեկան 9 մլրդ դոլարից ոչ ավել գումարով: Ներկա պահին օգնության ծավալը կազմում է տարեկան 3,5 մլրդ դոլար, սակայն սուբսիդիաների չափսը դեռ քննարկվելու է բազմակողմանի բանակցություններում:
Բոլոր այս պարտականությունները ՌԴ-ին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի և անհասկանալի է, թե ինչի համար է Մոսկվան ԱՀԿ-ին ավելորդ անգամ ցուցադրում իր նշանակալիությունը կամ տեղը դնում Վրաստանին: Ի միջի այլոց, Շվեյցարիայում բանակցությունների վերջին փուլի սկզբում Wall Street Journal թերթը գրել էր, որ հոկտեմբերի 25-ին Թբիլիսի է այցելել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարներից մեկը՝ Գունար Վիգանդը: Նա երկրի իշխանություններին է հանձնել վերջնագիր-ուղերձ, որում Վրաստանից պահանջվել է զիջել Ռուսաստանին: Հակառակ դեպքում Վիգանդը սպառնացել է, որ Մոսկվային ԱՀԿ կընդունեն առանց Վրաստանի համաձայնության, սակայն հանրապետության իշխանությունների համար դա կդառնա քաղաքական պարտություն: Պարզվել է, որ ԱՀԿ օրենքները թույլ են տալիս ցանկության դեպքում բացառություններ անել, որոնց դեպքում կազմակերպություն մտնելու հավակնորդը կարող է չստանալ նրա բոլոր անդամների համաձայնությունը: Այնպես որ համաշխարհային հանրությունը խորապես շահագրգռված է Ռուսաստանի՝ ԱՀԿ մտնելու մեջ, և Վրաստանի դիրքորոշումը ոչ մեկի չի հետաքրքրում: Ռուսաստանը ԱՀԿ անդամ կարող է դառնալ 2012-ի կեսերին: Դրա հետ կապված կարելի է հիշել այն փաստը, որ երբ Հայաստանը պատրաստվում էր դառնալ ԱՀԿ անդամ, Թուրքիան ոչ մի արգելք չստեղծեց: Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ Անկարայում ղեկավարվում են առողջ դատողությամբ, ինչը չի կարելի ասել Միխայիլ Սահակաշվիլու չբավարարված հավակնությունների մասին:
Մի խոսքով, Վրաստանին տեղը դրեցին, Մոսկվային խոստացան ԱՀԿ շրջանակներում աշխարհի բոլոր բարիքները, բայց իրականում ոչինչ չի փոխվի, և այդ առումով Ռուսաստանի անդամակցությունն ԱՀԿ-ին անպետք է և ոչ համոզիչ: