Ամենայն հավանականությամբ, առաջին զոհը կդառնա Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, որը, իշխանությունների կարծիքով, չափազանց շատ է խոսում իր քաղաքի և վիլայեթի բնիկների մասին: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը և հայ ուխտագնացներին գրկաբաց ընդունելը չէին կարող «անտարբեր» թողնել Անկարային: Անցյալ շաբաթ Դիարբեքիրում տեղի ունեցավ «Դիարբեքիրի և հարակից տարածքների հասարակական և տնտեսական պատմությունը» սեմինարը, որը կազմակերպվել էր Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի կողից Դիարբեքիրի Քաղաքական և սոցիական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ: Բայդեմիրը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում մարդկանց ոչնչացրել են կրոնական պատկանելության համար և կոչ արել կառավարությանը քաջություն ունենալ ճանաչել պատմության սև էջերը: «Այս քաղաքը պատկանում է հայերին և ասորիներին, և նույնքան էլ՝ քրդերին»,- հայտարարել է Բայդեմիրը: Ըստ էության այս հայտարարությունում ոչ մի նոր բան չկա. և հայերը, և ասորիները, և քրդերը գիտեն, որ թուրքերը երկրի հարավ-արևելքում եկվորներ են: Իսկ Դիարբեքիրը ոչ այլ ինչ է, քան Տիգրան 2-րդի Մեծ Հայքի մայրաքաղաք:
Ի պատասխան Օսման Բայդեմիրի բավական համարձակ արտահայտությունների, կառավարությունը մի շարք մեղադրանքներ է առաջադրել քաղաքապետին, որոնցից մեկը «ահաբեկչական խմբավորման քարոզչությունն» է (նկատի ունեն Քուրդիստանի աշխատանքային կուսակցությունը): Քաղաքի դատախազությունը և գերագույն դատարանը մեղադրում են Բայդեմիրին նրանում, որ նա մասնակցել է մահացած գրոհայինների թաղմանը, «հանցագործություններ կատարել անօրինական կազմակերպության անունից՝ չլինելով այդ կազմակերպության անդամ» և «ամեն ինչ արել անօրինական կազմակերպության քարոզչության համար»,- ասվում է մեղադրանքում: Եթե դատարանը քաղաքապետին մեղավոր ճանաչի, ինչը բնական կլինի, նրան սպառնում է 28 տարվա բանտարկություն:
Քրդերի հետ լարվածության թեժացման նոր լույսի ներքո հայտնի իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուի ձերբակալումը ավելի քան հասկանալի է և ոչ անսպասելի: Ամենահետաքրքիրն այն է, որ իրավապաշտպանը ձերբակալվել էր հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Ավելի մեծ անհեթեթություն անհնար էր հորինել, թեև Թուրքիայում ձերբակալում են նաև այլ պատրվակներով, օրինակ, քրիստոնեական ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելու պատճառով: Այս ամենը տեղի է ունենում «թուրք ժողովրդին վիրավորելու մասին» Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով: Այդ հոդվածը ԵՄ ճնշմամբ մի քիչ մեղմացվել է, սակայն դա ընդամենը կոսմետիկ ուղղում է համաշխարհային հանրության համար: Իրականում Թուրքիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ետ է Եգիպտոսից, Թունիսից, Լիբիայից և Սիրիայից: Սակայն «արաբական գարունը» ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց, և հիմա Էրդողանը հանդես է գալիս որպես Մերձավոր Արևելքում ազատության համար գլխավոր պայքարող: Ոչ ոք չի ցանկանում, հնարավոր է, չի համարձակվում հիշեցնել նրան քրդերի և սեփական իրավապաշտպանների հետ հաշվեհարդար տեսնելու մասին:
Միաժամանակ, քրդերի դեմ ռազմական գործողությունն ահագնանում է, և դրա հետ կապված զարմացնում է Իրաքի դիրքորոշումը, որը թույլ է տալիս թուրքական զորքերին անարգել հատել Հյուսիսային Քուրդիստանի սահմանը: Իրաքում կայունության և կենտրոնական իշխանության բացակայությունը այդ երբեմնի ուժեղ պետության սահմանները բավական թափանցիկ է դարձնում: Իսկ Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզային փորձում է լուռ մնալ՝ հաճոյանալով ինչպես թուրքերին, այնպես էլ իր քրդերին: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Բարզային ըստ էության դավաճանել է իր ժողովրդին՝ թույլ տալով Թուրքիային իր տարածքում հաշվեհարդար տեսնել ՔԱԿ հետ:
Թուրքիայի համար քրդական հարցը որպես պետություն հետագա գոյատևման խնդիր է և հանուն դրա պահպանության Անկարան պատրաստ է ամեն ինչի: Եթե հարկ լինի, ձերբակալվածների թիվը կչափվի հարյուրներով, եթե չասել հազարներով: Անկարան, հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի փորձը, կարող է քրդերի հետ այնպես վարվել ինչպես հայերի հետ: Ողջ հարցը նրանում է, թե ում ձեռքերով է նա գործելու այս անգամ: Թուրքիան ամենագլխավորն արդեն հասկացել է. ոչ մի համաշխարհային հանրություն նրան չի մեղադրելու սեփական ժողովրդի դեմ ցեղասպանության մեջ: Քամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի օրինակը կարելի է միշտ հիշել, այն է՝ «կխոսեն և կմոռանան»: Փրկվել կարելի է միայն այդպես, և Անկարան դա հիանալի հասկանում է: