Այսպես, Համաշխարհային բանկը (Global Economic Prospects 2012) նվազեցրել է 2012-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 5,4 տոկոս զարգացող երկրների համար և մինչև 1,4 տոկոս եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրների համար, իսկ հունիսյան կանխատեսումները կազմել էին համապատասխանաբար 6,2 և 2,7 տոկոս: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը, ներկա կանխատեսման համաձայն, կազմելու են 2,5 տոկոս 2012-ին և 3,1 տոկոս 2013-ին:
Մասնավորապես, ՀԲ-ն Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի որոշակի դանդաղեցում առաջիկա 2 տարիներին: Զեկույցի համաձայն, 2011-ի արդյունքներով ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանում 4,6 տոկոս տնտեսական աճ, 2012-ին՝ 4,3 տոկոս, 2013-ին՝ 4,2 տոկոս:
Այսպիսով, չնայած կապիտալի հասանելիության նվազմանը, Հայաստանի մասնավոր հատվածը շարունակում է վարկային միջոցներ ներգրավել միջազգային կառույցներից իր զարգացման համար, հետևաբար, նաև տնտեսության զարգացման համար: Նախօրեին երկու հայկական բանկեր վարկային պայմանագրեր են կնքել առաջատար միջազգային կառույցների հետ: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հունվարի 20-ին 30 մլն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր են ստորագրել փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման համար, ներառյալ գյուղատնտեսության ոլորտը: Իսկ ահա հայկական «Արարատբանկը» և ԵԶԲ-ն ստորագրել են 4 մլն դոլար արժողությամբ համաձայնագիր: Դա նշանակում է, որ միջազգային կառույցների վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ չի փոխվել: Ավելին, արտասահմանյան ներդրողներին չեն վախեցնում Հայաստանում 2012-ի մայիսին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունների, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրությունների շրջանակներում անորոշության հետ կապված սպասումները: