Աբիևի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում հայտարարվել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ոչ մի լարվածություն չկա: Ընդ որում հայտարարությունները կատարվել են Բաքվում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովի կողմից: Նրա խոսքով, Իրանում որոշ օղակներ, վախենալով Արևմուտքի երկրների ռազմական ներխուժումից, ճնշում են գործադրում հարևան պետությունների վրա, մասնավորապես այն պետությունների, որոնք հարաբերություններ ունեն արևմտյան երկրների հետ ռազմական անվտանգության ոլորտում: Հասանովը չի զլացել հերթական անգամ հիշեցնել այն մասին, որ Ադրբեջանի «տարածքային ամաբողջականությունը վերականգնված չէ:
Ադրբեջանն օգտագործում է իր պաշտպանունակությունը, հզորությունն այնպես, ինչպես ցանկանում է և կարող է: Ոչ մի արտասահմանյան երկիր իրավունք չունի խառնվել դրան: Ադբրբեջանը ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել: Նա մտադիր է միայն ուժեղացնել ռազմական հզորությունը հանուն իր ինքնիշխանության»,- ասել է Հասանովը: Սակայն Թեհրանում չեն կարծում, որ Ադրբեջանը սպառազինվում է և վերանորոգում ռազմական օդանավակայնները բացառապես ղարաբաղյան խնդրի լուծմանհ համար: Դրա համար, ինչպես լիովին խելամտորեն կարծում են Իրանում, պետք չէ սպառազինությունների այն հսկայական քանակությունը, որը գնում է Ադրբեջանը: Առավել ևս, որ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ալի Աքբար Սալեհին նշել է, որ երեք երկրները պատմական կապեր ունեն: «Մենք մեկ ոգի ենք երեք մարմիններում: Բնականաբար, դա արտացոլուոմ է գտել երեք երկրների միջև համաձայնագրերում: Մենք կանոնավոր կերպով շարունակում ենք խորհրդակցությունները: Երեք երկրներում ընդհանուր առմամբ բնակվում է ավելի քան 170 մլն մարդ, և կարող է ստեղծվել միասնական մեծ շուկա»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Այս ամենը, իհարկե,լավ է, բայց կողմերն այդպես էլ չեն պայմանավորվել մուտքի արտոնագրի ռեժիմը հեշտացնելու վերաբերյալ: Իրանը պահանջում է, որպեսզի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու դեպքում Ադրբեջանը նույնն անի Իրանի հետ: Եթե Ադրբեջանը չեղյալ չհայտարարի Իրանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը, այլ դա անի միայն Թուրքիայի հետ, ապա նա կկորցնի Նախիջևանը, որի հետ վերերկրյա կապը գնում է Իրանի միջով: Կա նաև ժողովրդագրական գործոն: Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 մլն մարդ, իսկ Իրանի բնակչությունը՝ 75 մլն, որի գրեթե կեսը՝ 35 միլիոնը, էթնիկ ադրբեջանցիներ են և Ադրբեջանում ազգակցական կապեր ունեն:
Նրանց միջոցով Իրանը կարող է տարածել իր կրոնական և մշակութային ազդեցությունն Ադրբեջանում: Իրանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների պատճառներից մեկն այն է, որ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նա աշխարհում բնակվող 50 մլն ադրբեջանցիների նախագահն է, և որոշ ադրբեջանցի պատգամավորներ արդեն առաջարկում են երկիրն անվանել Հյուսիսային Ադրբեջան, դրանով հանդերձ ընդգծելով, որ հյուսիսի առկայությունն ինքնըստինքյան ենթադրում է հարավի առկայություն:
Այս ամենը չի կարող չանհանգստացնել Թեհրանին, Անկարային նույնպես, որքան էլ որ խոսեն «մեկ ժողովրդի և երկու պետությունների մասին»: Թուրքիայի համար, վերջին հաշվով, ավելի շահավետ կհնչեր «երկու ժողովուրդ, մեկ պետություն» կարգախոսը: Եթե Իլհամ Ալիևը հույսը դրել է ԱՄՆ վրա հարևանների նկատմամբ ոչ ադեկվատ քայլերի դեպքում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի, ապա այդ հույսը շատ անիրական է: Ոչ ոք թույլ չի տա Բաքվին, ինչպես նաև Հարավային Կովկասին ինքնուրույն քաղաքականություն վարել: Տարածաշրջանում ներգրավված են ավելի լուրջ խաղացողներ, որոնք խաղադրույքներ են կատարում, այդ թվում նաև իրանական նավթի վրա: Հենց իրանական, այլ ոչ Բաքվի: Կասպից տարածաշրջանն ունի նավթի համաշխարհային պաշարի 5 տոկոսը, և դրա հիմնական մասը գտնվում է Իրանում և Թուրքմենստանում: Ճիշտ է, մինչև հիմա պարզ չէ, թե հատկապես որքան նավթ և գազ ունի Ադրբեջանը, գնահատականներն անցկացվել են անցյալ դարի 70-ականներին ԽՍՀՄ-ում, սակայն նույնիսկ այդ տվյալներն անբավարար են՝ «Արևմուտքի էներգապաշարների գլխավոր մատակարար» անվանվելու համար, ինչն անում է Ալիևը: