Ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանն Օլիմպիական ուղեգիր նվաճեց Ստամբուլում նախորդ տարվա աշխարհի առաջնության ժամանակ: Միհրանը PanARMENIAN.Net-ին պատմել է սպորտում իր առաջին քայլերի մասին, թե ում և ինչու է նվիրում իր հաղթանակները, մրցումից առաջ պարտադիր ուր է գնում և ինչպես է հաղթահարում իր առջև ծառացած դժվարությունները:
Միհրա՛ն, կպատմե՞ս, թե ինչը պատճառ հանդիսացավ, որ դու զբաղվես ազատ ոճի ըմբշամարտով:
Հայրս ` Հակոբ Ջաբուրյանը, մարզվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտով, սակայն ինձ ըմբշամարտի դպրոց տարել է աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը, որը մեր հարևանն է: Ինչպես ինքն է պատմել, բակում խաղալիս տեսել է, որ աշխույժ, ճարպիկ երեխա եմ ու մտածել է, որ օժտված եմ ըմբիշ դառնալու հատկություններով: Նա ինձ տարավ դահլիճ ու սկսեցի մարզվել Անդրանիկ Հարոյանի մոտ: Դե, քանի որ Մարգարյանն էլ հենց ազատ ոճի ըմբիշ էր, ինձ էլ հենց ազատ ոճայինների խումբը տարավ: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի, ու ըմբշամարտն ինձ համար դարձավ ամենասիրելի զբաղմունքը:
Ծնողներդ ինչպե՞ս ընդունեցին այն փաստը, որ դու պարապում ես ըմբշամարտով:
Ծնողներիս ասացի, որ արդեն պարապում եմ ըմբշամարտով: Նրանք ուրախացան, ու հայրիկս ասաց, որ ճիշտ մարզաձև եմ ընտրել: Աստիճանաբար սկսեցի ավելի սիրել ըմբշամարտը:
Իսկ այն քեզ համար ուղղակի զբաղմո՞ւնք էր: Ե՞րբ հասկացար, որ հենց ըմբշամարտն է քո մասնագիտությունը:
Փոքր ժամանակ չէի հասկանում` ինչ է պրոֆեսիոնալ սպորտը, բայց տարիների ընթացքում զգացի ամեն ինչ: Տեսա, թե ինչ ծանր մարզաձև է ըմբշամարտը, բայց նաև գիտակցեցի, որ պետք է մարզվեմ ու հաղթահարեմ ամեն ինչ: 12-13 տարեկանից զգացի, որ ես անպայման լավ մարզիկ եմ դառնալու:

Խոսենք նաև քո առաջին լուրջ հաջողությունից: Ե՞րբ ես նվաճել քո առաջին մեդալը:
Առաջին մեդալս Հայաստանի պատանիների առաջնությունում եմ նվաճել, երբ ես չեմպիոն դարձա: Իսկ միջազգային մրցաշարի առաջին անգամ մասնակցել եմ 2005 թվականին` մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հետաքրքիր է, որ ես երիտասարդ տարիքում ոչ մի մրցաշարի չեմ մասնակցել, որովետև այդ ընթացում չէի կարողանում Հայաստանի առաջնությունում հաղթղ դառնալ: Ու պատանեկան տարիքից հետո միանգամից մեկնեցի մեծահասակների առաջնություն:
Կարելի է ասել միջազգային մրցասպարեզում անփորձ էիր: Դժվար չէ՞ր մեծահասակների, այն էլ Եվրոպայի առաջնությունում ելույթ ունենալը:
Իհարկե դժվար էր: Մյուս կողմից էլ ինձ հպարտ էի զգում, որ կարողացա հասնել իմ ուզածին: Գիտեք, ինձ ասում էին, որ ես այլևս չեմ կարողանա հասնել ինչ որ բանի, բայց ես քրտնաջան մարզվեցի ու ապացուցեցի, որ դեռ ասելիք ունեմ ըմբշամարտում: Այդ հարցում ինձ շատ օգնեց իմ մեծ եղբայրը` Մանվելը:
Ե՞րբ ես առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացել:
2005-ին, երբ գլխավոր մարզիչը Հրանտ Ենոքյանն էր, ես էլ հաղթեցի Հայաստանի առաջնությունում: Առաջնությունից հետո հավաքականը պետք է մեկներ Իրան միջազգային մրցաշարի: Ինձ չտարան, որովհետև ասացին, որ չէին հավատում իմ հաղթանակին Հայաստանի առաջնությունում ու թղթերս չէին պատրաստել: Այդ պատճառով միանգամից Եվրոպայի առաջնության մեկնեցի:
Ըմբշամարտը մարզաձև է, որը շատ դինամիկ է, ու մի քանի րոպեի ընթացքում է պարզ դառնում հաղթողը: Չնայած դրան, դուք շատ մեծ էներգիա եք ծախսում: Գոտեմարտերի միջև ընկած ընթացքում ինպե՞ս ես հասցնում վերականգնվել:
Մեկ մարտն ավարտելուց հետո մենք 15 -30 րոպե ունենք վերականգնվելու համար: Այդ ընթացքում հանգստանում ենք, հետո 6 րոպե շուտ սկսում ենք նախավարժանք անել ու պատրաստվել հաջորդ գոտեմարտին: Իսկ երբ եզրափակիչ ենք մտնում, այդ ժամանակ 2-3 ժամ հանգիստ է լինում, այդ ընթացքում հաց ենք ուտում, ավելի լավ ենք հանգստանում:

Մենամարտից առաջ սովորաբար ի՞նչ ես խոսում մարզչիդ հետ:
Իմ կողքին են լինում գլխավոր մարզիչն ու նրա օգնականը: Նրանք ինձ մրցակցիս մասին ինֆորմացիա են փոխանցում, խոսում ենք իմ մարտավարությունից, որոշում ենք գոտեմարտելու ձևը ու, բնականաբար, ոգևորում են:
Միհրան, խոսենք նաև Ստամբուլում կայացած վարկանշային մրցաշարից, որտեղ դու ձեռք բերեցիր Օլիմպիական ուղեգիր: Գո՞հ ես քո ելույթից:
Կարծում եմ կարևոր էր այն փաստը, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել և ապահովել իմ մասնակցությունն Օլիմպիական խաղերին: Փաստորեն համարյա մի տարի առաջ ես գիտեի, որ մեկնելու եմ Լոնդոն ու սկսեցի նախապատրաստվել այդ կարևոր միջոցառմանը: Բայց գոհ չեմ ինձնից նրա համար, որ մեդալ չկարողացա նվաճել: Երրորդ տեղի համար գոտեմարտում կարող էի հաղթել մրցակցիս, բայց ինչ-որ բան այն չստացվեց, ու փաստորեն մեդալը ձեռքիցս բաց թողեցի:
Լոնդոնյան խաղերը քեզ համար առաջինն են լինելու: Ի՞նչ ես զգում:
Օլիմպիադայից մեծ սպասելիքներ ունեմ: Հուզմունք երևի կլինի, բայց կարևորը ես նպատակ դրած եմ մեկնում Լոնդոն: Հայրիկս էլ է միշտ ուզել Օլիմպիական խաղերից մեդալ բերել, բայց նա ինչ-ինչ պատճառներով թողել է սպորտը: Ես հիմա նաև նրա փոխարեն պետք է լավ ելույթ ունենամ ու այդ բացերը լրացնեմ:
Ցանկացած մարզիկ, ում հետ շփվել ենք, նշում են, որ Օլիմպիական խաղերն ամենասպասված ու սիրելի միջոցառումն են: Ի՞նչ է Օլիմպիադան քեզ համար:
Երբ որ մեծահասակների առաջնություններում սկսեցի ելույթ ունենալ, հասկացա, թե ինչ է Օլիմպիադան: Փոքր ժամանակ ընկերներիս հետ հեռուստացույցով նայում էինք, ու խոսում, թե երբ ենք մենք էլ մեկնելու Օլիմպիական խաղեր: Հիմա ինձ բախտ է վիճակվել մասնակցելու, ու ես շատ ուրախ եմ դրա համար:
Հետաքրքիր է, իսկ այս ընթացքում, երբ պատրաստվում ես, պատկերացնո՞ւմ ես ինչպիսին կլինի Օլիմպիադան ու մտածո՞ւմ ես ելույթիդ մասին:
Մեկ-մեկ մտածում եմ, բայց այժմ ավելի շատ կենտրոնացած եմ հենց մարզումներիս ու նախապատրաստական ծրագրերիս վրա: Պետք է դրանք ճիշտ ու անթերի անես, որ հաջողության հասնես:
Հոգեբանորեն պատրա՞ստ ես քառամյակի ամենակարևոր սպորտային իրադարձությանը:
Այո: Ես շատ եմ սպասել այդ օրվան ու պատրաստ եմ:
Օլիմպիական խաղերի ժամանակ ասում են, որ կարևորը մասնակցությունն է: Ընդունո՞ւմ ես այս տեսակետը:
Համամիտ եմ այնքանով, որ մարզիկն արդեն իսկ իր անունը գրանցում է Օլիմպիադայի պատմության մեջ, և յուրաքանչյուրի համար պատիվ է մասնակցելը; Բայց կարևորում եմ նաև հաղթանակը:

Մրցավայր մեկնելուց առաջ պարտադիր արարողակարգ կա, որ անում ես:
Եկեղեցի եմ գնում:
Երբևէ պատկերացրե՞լ ես, որ քո առաջին Օլիմպիական խաղերը լինելու են Լոնդոնում:
Ես պետք է ելույթ ունենայի նաև Պեկինում: Բայց մրցաշարի ժամանակ սխալ թույլ տվեցի ու ուղեգիրս նվիրեցի իսպանացի ըմբիշին: Ինձ ասացին, որ սա էր քո շանսը, ու այն բաց թողեցիր: Բայց ես ասացի, որ սա չստացվեց, հաջորդը կլինի: Ու համբերատար պարապեցի, չորս տարի պատրաստվեցի ու փաստորեն կարողացա վաստակել Լոնդոնում ելույթ ունենալու իրավունք: Սա ինձ տրվեց իմ կամքի շնորհիվ, որն իմ մեջ դեռ պատանեկան տարիքից զարգացրել է առաջին մարզիչս` Անդրանիկ Հարոյանը, որը հիմա այլևս չկա: Ու ես իմ հաղթանակներն նրան եմ նվիրում, որովհետև նա ինձ շատ բան է տվել: