Թիմակիցներ ու մրցակիցներ, տիտղոսներ ու երկրպագուներ, մեծ ճանաչում և հաղթանակներ. այս ամենը բոլոր աշխարհահռչակ մարզիկների կյանքում էլ կա: Տեսնենք, թե PanARMENIAN.Net-ի այս թեստ-հարցազրույցն ինչպես է հաղթահարել Լևոն Արոնյանը:
Գաբրիել Սարգսյան:
Ընկեր, եղբայր, ուժեղ թիմակից: Մենք մի ամբողջ կյանք ենք իրար հետ անցկացրել ու իրար շատ ենք օգնել: Ծանոթացել ենք 9 տարեկանում, երբ խաղացինք իրար հետ, ու ես պարտվեցի: Իսկ ավելի մտերմացանք 14 տարեկանում, երբ պատանիների հավաքականում էինք խաղում:
Արշակ Պետրոսյան:
Մեր թիմի ուրախությունն է, շատ ուրախ ու հաճելի է նման մարզչի հետ: Կարծում եմ` Հայաստանի ամենահայտնի մարզիչն է: Հետաքրքիր է Պետրոսյանի հետ աշխատելը:
Կարեն Ասրյան:
Շատ տխուր պատմություն, բայց շատ լուսավոր զգացում սրտիս մեջ:
Ընտանիք:
Մի բառով ասեմ` հանգստություն: Իմ ընտանիքն իմ հաջողություններում շատ մեծ ներդրում ունի: Մայրս շատ է չարչարվել, որ ես շախմատիստ դառնամ:

Հայաստան:
Հարազատ երկիր, մյուսներից առանձնանում է նրանով, որ այստեղ են ընկերներս, բոլոր բարեկամներս: Ես Հայաստանում ինձ հանգիստ եմ զգում:
Մատ:
Մատ որ ե՞ս եմ անում, թե՞ որ ինձ են անում (ծիծաղում է): Դժվարանում եմ պատասխանել:
Աշխարհի չեմպիոն:
Հարգանք և ձգտում:
Տիգրան Պետրոսյան:
Մեծ շախմատիստ, առանց որի Հայաստանը շախմատային մեծ հաջողությունների չէր հասնի:
Շախմատ:
Սիրած գործ, խաղ: Այն մարդու մեջ շատ բան է փոխում:

Թագավոր:
Շախմատում թագավորն ավելի թույլ է, քան իրականում: Դժվար է ասել:
Մրցակից:
Մարդ, ում հետ կարողանում ես հարազատանալ:
Շախմատային Օլիմպիադա:
Միշտ մեծ ուրախություն, տոն:
Մագնուս Կարլսեն:
Ուժեղ շախմատիստ:
Պարտություն:
Կարևոր բան, որն ինձ կապում է ամենօրյա կյանքին: Եթե չլինի պարտություն` չես կարողանա ուշքի գալ, շատ բաներ չես կարողանա հասկանալ:
Հաղթանակ:
Միշտ ձգտում ես դրան: Լավ հաղթանակից հետո չես կարողանում քնել, իսկ պարտությունից հետո մի տեսակ հանգստանում ես:
Տիտղոսներ:
Դրանք լավ աշխատանքի վկաներն են: Ես երբեք չեմ մտածում նրանց մասին, տիտղոսներն ուղղակի աշխատանքի վերջն են:
ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի երկրորդ համար:
Չգիտեմ դա ինչ է: Ես ուշադրություն չեմ դարձնում վարկանշային տեղերին:
Լևոն Արոնյան:
Շատերն են ասում, որ հասարակ եմ: Բայց ես այդքան էլ համամիտ չեմ: Ես ինձ վրա շատ վստահ եմ` թե խաղատախտակի առջև և թե կյանքում: Վստահությունն էլ բերում է հանգստություն:
Երկրպագուներ:
Ես իմ աշխատանքն եմ անում և ուրախ եմ, որ ուրիշներին կարողանում եմ ուրախացնել: