Աշխատանքների ու խորագրի մասին
Բազմաշերտ կոլաժներ ենք ստեղծել, որոնք արտացոլում են տեղի, տարածության, ժամանակի շերտերն ու ազդում անհատական և համընդհանուր ինքնության ձևավորման վրա: Աշխատանքներն ապացույցում են, որ հայերն իրենց ստեղծարարության շնորհիվ կարողանում են զարգացնել մշակույթը՝ արվեստում խոսելով 21-րդ դարի լեզվով: Խորագիրը՝ «Շունչ», վերցված է Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունից», որի որոշ հատվածներ դարձել են մեր աշխատանքների գաղափարական տարրերը: Պոեմում Նարեկացին օգտագործում է հետևյալ ամբողջական արտահայտությունը՝ «նորոգող շունչ»: Կարծում ենք, որ այն լիովին արտահայտում է ցուցահանդեսի հիմնական նպատակը՝ ցույց տալ նոր սերնդի ներուժն ու թռիչքը:
Ինչպես ստեղծվեցին աշխատանքները
Երիտասարդները սկսեցին դարերի փորձությունը հաղթահարած մշակութային հին ու նոր արժեքների ուսումնասիրությունից, լուսանկարեցին հայկական ճարտարապետության տարբեր նմուշներ, ձեռագրեր, փորագրություններ ու խաչքարեր:
Հետո, որպես հիմք ընդունելով արված հետազոտություններն ու ձեռք բերված նյութերը, սկսվեց թվային նախագծման փուլը: Որպես արվեստ ստեղծելու մեր ռազմավարության մաս՝ աշխատանքներում կարևոր տեղ են զբաղեցնում թվային հորինվածքները:
Որոշեցինք օգտագործել Սբ Գրիգոր Նարեկացու և Մխիթար Հերացու ձեռագրերի գրությունները: Սբ Գրիգոր Նարեկացին 10-րդ դարում ապրած հայ միջնադարյան կրոնական բանաստեղծ էր, փիլիսոփա, որը համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիրը: Մխիթար Հերացին 12-րդ դարում ապրած հայ մեծանուն բնագետ էր, հայկական դասական բժշկության հիմնադիրն է համարվում: Հենց նրանց աշխատանքներն են դարձել մեր ցուցադրության գաղափարական առանցքը՝ մեկը նորոգում է հոգին, մյուսը՝ մարմինը:
Ուսումնասիրել ենք նաև Հայաստանի պատմական վայրերն ու փորձել դրանցից վերցված և զարգացրած որոշակի «դասավորության ռազմավարություններ» օգտագործել մեր ցուցադրության մեջ: Խաչքարերի, ինչպես նաև կրոնական և պատմական արժեք ունեցող մյուս արվեստի գործերի դասավորությունը վանական համալիրներում կամ հին գերեզմանատներում, մեր նոր կոմպոզիցիոն դասավորությունը պատկերացնելու բանալին են: Գեղարդի վանքի բակը, Նորավանք վանական համալիրի ներսում գտնվող խաչքարերը, Նորատուսի խաչքարերի դասավորությունը մեր կոմպոզիցիոն աշխատանքին բնորոշ մասնիկներն են:
Տարբեր պատկերավոր լեզուներով ստեղծված կիսաաբստրակտ աշխատանքները ներկայացնում են մեր ինքնությունը, պատմությունն ու ստեղծում ազգային տեսողական հստակ պատում։
Առանձին աշխատանքներն ու ամբողջական համադրությունը
Չնայած յուրաքանչյուր աշխատանք հնարավոր է և պետք է առանձին դիտարկել, այն՝ որպես ամբողջական համադրություն է փոխանցում երիտասարդների ներուժն ու թռիչքը ներկայացնելու մեր ցանկությունը:
Աշխատանքների մեծամաշտաբ լինելն է, որ ընդգծում է, թե թվային տեխնոլոգիաների շնորհիվ ինչի կարող են հասնել երիտասարդները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր աշխատանք առանձին կոմպոզիցիա է: Բազմաթիվ գրաֆիկական դետալների առկայությունը պայմանավորված է աշխատանքների՝ ճարտարապետական տարբեր նմուշներով (աստիճաններ, սյուներ, գերաններ), շենքերի փորագրություններով, գրություններով՝ հայկական ձեռագրերից, հին ժամանկաների արվեստի գործերի պատկերներով պատված լինելով: Տարբեր ձևերով և պատկերավոր լեզուներով աշխատանքները ներկայացնում են մեր խճճված աշխարհի բնութագիրն ու պատմական հետքը՝ անցյալից ներկա: