Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները երկու երկրների կողմից անկախության ձեռքբերումից հետո փոխվել են: Երկու հարեւանների միջեւ հաստատվել են բարեկամական հարբերություններ, սակայն Երեւանի եւ Թբիլիսիի դիրքորոշումները մի շարք ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ոչ միշտ են համընկնում: Ինչպիսի՞ն է հայ-վրացական հարաբերությունների դրությունը այսօր: PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանում է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն:
Ինչպիսի՞ն են երկու երկրների հարաբերությունները այսօր քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից:
Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում:
Արդեն օրինաչափություն են դարձել բարձր մակարդակներում հանդիպումները, կանոնավոր կերպով կազմակերպվում են տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերը:Այս տարի Բաթումում կանցնի այդ հանձնաժողովի V նիստը:
Տնտեսական շփումները բավական դինամիկ են զարգանում եւ, երկու երկրների տնտեսությունների ամրպնդման հետ մեկ տեղ, դրանք ավելի զարգանալու միտում ունեն: Դա թելադրում է շուկան: Երբ ապրանքը մրցունակ է(օրինակ հայկական ցեմենտը Վրաստանում), այն միշտ կսպառվի: Աճում է հայ տուրիստների այցը Վրաստան: Պետությունը պետք է նորմալ պայմաններ ստեղծի բիզնեսի համար: Վրաստանը, ինչպես Ձեզ հայտնի է, առավել բարենպաստ պայմաններն է ստեղծել իր տարածքում հայկական ապրանքի արտահանման եւ ներկրման համար: Վերջերս համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների վարորոդների նկատմամբ տրանսպորտային հարկի կիրառման վերացման վերաբերյալ:
Մեր երկրները տարբեր ռազմա-քաղաքական դաշինքների անդամ են հանդիսանում: Ինչպե՞ս է դա անդրադառնում մեր հարաբերությունների վրա:
Վրաստանը չի հանդիսանում որեւէ ռազմա-քաղաքական դաշինքի անդամ(ՎՈՒԱՄ-ը այդպիսի դաշինք չի հանդիսանում), իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Սակայն դա ընդհանրապես չի ազդում մեր բարեկամական հարաբերությունների վրա:
Վրաստանը հստակ կողմնորոշում ունի դեպի արեւմուտք եւ, Միխայիլ Սահակաշվիլիի խոսքերով, «օրինակ է հանդիսանում տարածաշրջանի մյուս երկրների համար»: Մեջբերման բառացիությունը չեմ երաշխավորում, բայցը իմաստը դա էր: Միեւնույն ժամանակ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի նախագահը հայտարարեց, որ Վրաստանը Ռուսաստանից չի կարող փախչել: Կարելի՞ է արդյոք դա հաճոյախոսական քաղաքականություն անվանել, թե՞ այն այս հայտարարությունը պայմանավորված է Աբխազիայում ռուսական կոնտինգենտի առկայությամբ:
Վրաստանը բազմակողմանի արտաքին քաղաքականություն ունի: Իսկ Ռուսաստանի հետ մենք ոչ միայն աշխարհագրական հարեւարններ ենք, այլեւ մենք շփման բազմաթիվ կետեր ունենք պատմության, մշակույթի, զուտ մարդկային հարաբերությունների մակարդակով: Ինչն վերաբերում է Վրաստանի արեւմտյան կողմնորոշմանը, ապա նոր Ռուսաստանը եւս ուղղություն է վերցրել դեպի արեւմտյան ժողովրդավարական արժեքներ:
Վրաստանը ունի՞ իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, եթե հաշվի առնենք ադրբեջանական մեծ համայնքը եւ սեփական չլուծված հակամարտությունները:
Վրաստանի տարածքում առկա չկարգավորված հակամարտությունները եւ ադրբեջանական համայնքի առկայությունը ոչ մի կերպ կապված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
Հայոց Առաքելական Եկեղեցու եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները հեռու են կատարյալից, չնայած որ երկուսն էլ քրիստոնեական են եւ շրջապատված են մահմեդական աշխարհով: Որքա՞ն երկար կարող է շարունակվել լարվածությունը, որն առաջացել է վրացական կողմից անվանակոչված «վիճելի եկեղեցիների» պատճառով:
Եկեղեցիների հարաբերությունները պետք է կարգավորվեն եկեղեցական հոգեւոր վերնախավի հանդիպումների ժամանակ: Դեսպանատունը ներկայացնում է աշխարհիկ իշխանությունը եւ չի խառնվում կրոնական հարցերին: Ինչ վերաբերում է «Մահմեդական աշխարհով շրջապատված քրիստոնյա (ժողովուրդներ/երկրներ)» պիտակին, ապա դա միջնադարյան ժամանակաշրջանի անախրոնիզմ է: Որքանով ես գիտեմ, քրիստոնյա Հայաստանը հոյակապ հարաբերությունների մեջ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Ինչպես են պատրաստվում լուծել Սամցխե-Ջավախքի հարցը վրացական իշխանությունները:
Սամցխե-Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները նման են այն խնդիրներին, որ առակա են Վրաստանի մյուս լեռնային շրջաններում եւս: Չնայած դրան, վրացական կառավարությունը պատրաստվում է «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան հիմնադրամի տրամադրած գումարի երրորդ մասը ծախսել Ջավախքի ճանապարհների շինարարության համար: Տարածաշրջանում ակտիվ կերպով վերանորոգվում են դպրոցները եւ այլ ենթակառուցվածքային շինություններ: Մենք հուսով ենք, որ հարուստ հայկական համայնքը եւս կապիտալ կներդնի Ջավախքի ինդրուստացման մեջ:
Տարածաշրջանի տնտեսական նախագծերը, մեր կարծիքով, քաղաքական ենթատեքստ ունեն: Արդյո՞ք այնպես չի ստացվում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանի օգնությամբ մեկուսացնում են Հայաստանին:
Տնտեսական նախագծերը միշտ եւ ամենուրեք ունեն որոշկի քաղաքական ծանրաբեռնվածություն: Սակայն Վրաստանը ընդհանրապես հետաքրքրված չէ Հայաստանի մեկուսացման մեջ, օրինակ, տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծմամբ: Չէ՞ որ, դուք երեբեք վրացի լրագրողներից չեք լսել, որ իբր «Հայաստանը եւ Իրանը Ռուսաստանի օգնությամբ մեկուսացնում են Վրաստանին», եթե Իրանի գազամուղը ոչ մեծ տրամաչափ ունի եւ ըստ նախագծի կհասցվի վրացական սահմանին: