4 դեկտեմբերի 2011 - 14:01 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վյաչեսլավ Կովալենկո.
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունը մեծ բարիք կլինի նրա համար
Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այդ երեք երկրների նախագահները նոյեմբերի 18-ին փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Միասնական տնտեսական տարածության մասին: Ստորագրվող փաստաթղթերի փաթեթի մեջ մտնում են Միասնական տնտեսական ինտեգրացման մասին հռչակագիրը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մասին պայմանագիրը: ԵՀՏ-ն ձեռնամուխ է լինելու աշխատանքին 2012-ի հունվարի 1-ից, այն փոխարինելու է Մաքսային միության հանձնաժողովին, որը դադարեցրել է իր գոյությունը 2012-ին հուլիսի 1-ին: Փաստաթղթերը նախատեսում են Մաքսային միության երեք պետությունների ավելի խորը տնտեսական ինտեգրացում և մինչև 2015-ը Եվրասիական տնտեսական միության ստեղծում: PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Գործակալությանն առաջին հարցազրույցը տվել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը հետխորհրդային տարածքում ինտեգրացման ներկա մակարդակի մասին: Ինչպիսի՞ն է Ձեր երկրի դիրքորոշումը Եվրասիական միությունում անդամության առթիվ:
Ինտեգրացիայի գործընթացը հետևողական գործողությունների գործընթաց է: Այն բանից հետո, երբ փլուզվեց Խորհրդային միությունը և նախկին ԽՍՀՄ տարածքում ստեղծվեցին անկախ պետություններ, կյանքը հարցադրումներ դրեց այն մասին, թե ինչպես փոխգործակցել: Անհնար էր քաղաքական որոշմամբ խզել այն տնտեսական, հոգևոր, մարդկային, հաղորդակցական և մարդկանց կապող շատ այլ կապեր, որոնք այժմ հայտնվել էին տարբեր սահմանների ետևում:

Ինտեգրման գաղափարը ճախրում էր Խորհրդային միության փլուզման առաջին օրերից, և այդ ուղղությամբ առաջին ձեռքբերումը դարձան Ռուսաստանի և Բելառուսի միջև ինտեգրացիոն քայլերը: Արդեն 1995-ին դրվեց Ռուսաստանի և Բելառուսի միության ստեղծման մասին հարցը: Մեկ տարի անց դրվեց ինտեգրացիոն միավորման նոր որակի՝ Ռուսաստանի և Բելառուսի պետությունների միության ստեղծման հարցը, իսկ ևս երկու տարի անց ավելի բարձր որակի մասին հարցը՝ Ռուսաստանի և Բելառուսի դաշնակցային միության ստեղծման հարցը: Կատարվեց հսկայական աշխատանք, որը տարբեր ոլորտներում ստեղծեց ինտեգրացիոն կապեր և շփումներ, ու այդ առումով Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունները ետ մղվեցին: Բայց ինտեգրացման այդ ձևը չէր կարող փակել բոլոր այն պոռթկումները, որոնք առկա էին այլ երկրներում: Եվ Եվրասիական միության ստեղծման գաղափարը, չէ որ այն առաջադրվել էր 90-ականների սկզբին, երկար քննարկվեց և վերջապես այն վերածվեց Եվրասիան տնտեսական միության:

Եվրասիական միության ստեղծման ճանապարհին առաջին փուլն ընդհանուր մաքսային տարածության ստեղծումն է: Ես ձեզ ցանկանում եմ ասել, որ ներկա փուլում Եվրասիական միությունն ինչ-որ բանով առաջ է դաշնակցային պետության ինտեգրացիոն միավորումից, իսկ ինչ-որ բանում դաշնակցային պետությունն ինտեգրացիոն առումով առաջ է Եվրասիական միությունից: Ես կարծում եմ, որ այդ երկու գործընթացներն ընթանալու են միմյանց զուգահեռ և հետո դրանք բնական կերպով միախառնվելու են նոր միավորման մեջ: Այն փորձը, որը կուտակվել էր Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերություններրի զարգացման գործընթացում, անշուշտ, կիրառվելու է Եվրասիական միությունում: Ես կարծում եմ, որ դա շատ հաջողակ նախագիծ է: Ես ցանկանում եմ ընդամենը մեկ օրինակ բերել, որը վերաբերվում է Բելառուսի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությանը: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև միասնական մաքսային միության ստեղծումը թույլ է տվել 30 անգամ ավելացնել Բելառուսի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը միայն մաքսային արգելքները հանելու հաշվին:

Ի՞նչ կարող է տալ Եվրասիական միության անդամ-երկրներին նոր կազմակերպությունը: Եվ ի՞նչ կարող է տալ այդ ինտեգրացիոն նախագիծը մասնավորապես Հայաստանին:
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական մաքսային միությունը, ամենից առաջ, երեք երկրներում տնտեսությունների զարգացման հզոր խթան է: Մաքսային արգելքների հանումը զարգացնում է առևտրային հարաբերությւոնները, հանում է մի շարք խոչընդոտներ տնտեսական և ֆինանսական կապերի ճանապարհին: Ես համոզված եմ, որ հաջորդ փուլը կլինի երեք երկրների միջև արժութային միության ստեղծման հարցի առաջադրոմը: Չէ որ ինտեգրացիոն հարաբերությունների զարգացումն ինքնըստինքյան կանխորոշում է այդ քայլը: Աշխատուժի տեղաշարժը, այլ երկրների տարածքում տարբեր երկրներից մարդկանց բնակության համար միանման պայմանների ստեղծումը: Ի դեպ, այդ ձեռքբերումն արդեն կատարվել է Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում: Եվ ահա այս փորձը, երբ ես խոսում էի փորձի մասին, կիրառվելու է նման պայմանների ստեղծման մեջ և այլ երկրների տարածքում տարբեր երկրներից մարդկանց աշխատելու և բնակվելու համար Մաքսային, Եվրասիական միության շրջանակներում:

Եվրասիական միության հաջողությունը մշտապես ավելի ու ավելի մեծ ձգողականություն է ստեղծելու այլ երկրների համար, որոնք անցյալում եղել են Խորհրդային միության կազմի մեջ, տվյալ դեպքում նաև Հայաստանի համար: Կա մեկ խնդիր՝ ընդհանուր սահմանի բացակայություն: Բայց դուք գիտեք, որ կյանքը չի կանգնում տեղում, այն մշտապես փոխվում է: Մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի 5 տարի անց, և այժմ Հարավային Կովկասի տարածքում առկա քաղաքական պայմանները կմնան արդյոք նույնը: Ոչ ոք չի կարող ասել այդ մասին, բայց ինձ նման լավատեսական հայացք ունեցող մարդիկ կգտնեն այդ հարցի լուծումը և կստեղծվեն Մաքսային միությանը և Եվրասիական միությանը Հայաստանի միանալու նախադրյալներ և պայմաններ:

Դուք գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի համար դա մեծ բարիք կլիներ: Դրա համար շատ նախադրյալներ կան: Առաջին հերթին, Ռուսաստանի և Հայաստանի միջև գործող տնտեսական կապերը շատ ամուր են և հուսալի: Երկրորդ, հայերի և ռուսների մտածողությունը շատ մոտ է: Երրորդ, առկա են սերտ կապեր կրթության համակարգում, գիտական մտքի ոլորտում, այս կամ այն երկրում կյանքի ընկալման համակարգում: Այս ամենը շատ ամուր և կարևոր հիմք է ստեղծում Եվրասիական միությանը Հայաստանի միանալու համար:

Ես կարծում եմ, որ Եվիասիական միությունը զարգանալու է, ստեղծելու են նոր, ավելի ճկուն պայմաններ այլ երկրներին միանալու համար: Այո, իհարկե, միանալու համար գոյություն ունեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք են, այսպես կոչված, «աշխատանքային քարտեզը», որը ներառում է իր մեջ որոշակի պահանջներ Եվրասիական միությանը միանալու համար: Ինձ թվում է, որ թե Եվրասիական միությունը, թե Հայաստանը քայլեր են ձեռնարկելու այդ միությանը միանալու համար պայմաններ ստեղծելու նպատակով:

Ինչպե՞ս կարող է ազդել Եվրասիական միությունում անդամակցությունը եվրաինտագրացման գործընթացի վրա:
Իսկ ի՞նչն է ազդելու: Դուք գիտեք, որ ընթանում է գլոբալացման գործընթաց, որը ենթադրում է համաշխարհային առևտրի միասնականացում: Տեսեք, Ռուսաստանը մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), իր վրա որոշակի պարտավորություններ է վերցնում, Հայաստանը հետևում է այդ պարտավորություններին, հենց դա էլ առևտրի կանոնների, տնտեսական հարաբերությունների համընդհանուր միավորման գործընթաց է: Եթե բացառել այդ գործընթացից ինչ-որ էգոիստական ձգտումներ և ղեկավարվել միայն փոխշահավավետության սկզբունքով, ես կարծում եմ, որ այդ ժամանակ այդ գործընթացն ավելի արագ կընթանա:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News