Էյֆորիան անցավ, մնացին խնդիրները, որոնք անհրաժեշտ էր լուծել այն պայմաններում, երբ շուրջ 70 տարի մեր տնտեսություններն ինտեգրվել էին: Բայց ստեղծված պետությունները կառուցեցին սահմաններ, տեղադրեցին մաքսային կետեր, դադարեցրեցին տնտեսական կապերը, և արդյունքում տեղի ունեցավ այդ երկրների տնտեսությունների անկում: Անհրաժեշտ էր լուծել խնդիրները, և վերջնական արդյունքում երկրները հանգեցին եզրակացության, որ անհրաժեշտ է ինչ-որ միություն ստեղծել, որի շրջանակներում կվերականգնվեն բոլոր տնտեսական, մշակութային կապերը, որոնք քանդվել էին: Բնականաբար, բացառությամբ Մերձբալթիայի, որն իսկույն անցավ Եվրամիության կողմը:
Որպես խնդրի լուծման համատեղ որոնման արդյունք 1991-ին հիմնվեց Անկախ պետությունների համագործակցությունը՝ ԱՊՀ, որը գոյություն ունի մինչև այժմ: ԱՊՀ վերաբերյալ տարբեր գնահատականներ կան, բայց մենք կարծում ենք, որ այն կատարել է իր պատմական առաքելությունը՝ վերականգնել է մեր տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական կապերը, թույլ է տվել ադապտացնել տնտեսությունը նոր պայմաններին: Ամենագլխավորը, ԱՊՀ հիման վրա ստեղծվել և զարգացել է հարթակ, որի վրա այսօր ստեղծվել են ավելի առաջադեմ ինտեգրացիոն կազմավորումներ՝ սկզբից Եվրասիական տնտեսական միությունը, այնուհետև Մաքսային միությունը, իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից կգործի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Միասնական տնտեսական տարածությունը:
Դուք գիտեք, որ նոյեմբերի 18-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են երկու պատմական փաստաթուղթ. առաջինը, պայմանագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման մասին, երկրորդը, հռչակագիր Եվրասիական տնտեսական ինտեգրացման մասին: Առաջին փաստաթուղթը որոշում է առաջին նման վերազգային մարմնի ստեղծումը, որը զբաղվելու է երեք երկրների հետագա ինտեգրման հարցերով, որին կանցնեն արդեն ստեղծված Մաքսային հանձնաժողովի գործառույթները: ԵՏՀ-ն կազմված է լինելու երկու բաղադրիչ կառույցներից, առաջինը, խորհուրդ, որի մեջ մտնելու է յուրաքանչյուր պետությունից մեկական փոխվարչապետ, երկրորդ, աշխատանքային մարմին՝ կոլեգիա, որի մեջ մտնելու են յուրաքանչյուր պետությունից երեքական ներկայացուցիչ: Ստեղծված ազգային օրգանում ամենակարևորն այն է, որ բոլոր որոշումներն ընդունվելու են երեք մասնակիցների փոխզիջման հիման վրա՝ անկախ կառույցում նրանցից յուրաքանչյուրի ՀՆԱ բաժնից:
Մեզ համար չափազանց կարևոր է և արդարացված այդ հանձնաժողովի ստեղծումը, այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության, ամենից առաջ այն պատճառով, որ մեր տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ: Ավելի քան հազար ձեռնարկություններ աշխատում են կոոպերացիայում, որի արտադրանքը մեզ մոտ է արտադրվում և արտահանվում, արտադրանքի շուրջ 70 տոկոսը կազմում են Ռուսաստանից ներկրվող բաղադրիչները: Ուստի մեզ համար այսօր չափազանց կարևոր է, որպեսզի հանվեն մաքսային, սահմանային և տարաբնույթ արգելքները մեր ապրանքների տեղափոխման դեպքում: Բնական է, որ մենք կապված ենք ոչ միայն արդյունաբերող ձեռնարկություններով կոոպերացիայով, մենք լրջորեն կապված ենք նաև էներգետիկ աղբյուրների ոլորտում, որոնք առկա են Ռուսաստանում: Ռուսաստանը մեզ համար կարևոր է և որպես գործընկեր, և որպես շուկա՝ մեր արտադրանքի 50 տոկոսը մենք առաքում ենք ռուսական շուկա: Ուստի այն պայմաններում, երբ բացակայում են արգելքները, գոյություն ունի ապրանքների, կապիտալի ազատ տեղափոխություն, դա բոլորովին այլ մակարդակ է, ավելի բաց, առաջադիմական, մոտավորապես նույնը, ինչն առկա է այժմ Եվրամիությունում:
Եվ իհարկե, եթե նախկինում մենք նավթը և գազը ստանում էինք համաշխարհային գներով, բացառությամբ տրանսպորտային բաղադրիչի, հիմա մենք անցում ենք կատարելու ներռուսական գների: Դա մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք չունենք էներգիայի սեփական աղբյուրները:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա ինձ թվում է, որ ձեզ համար չափազանց կարևոր է աշխատանքային միգրանտների թեման: Այդ պայմանագիրը նախատեսում է աշխատուժի ազատ տեղաշարժ, այն, որ մարդիկ կարող են ազատ տեղափոխվել առանց գրանցումների և աշխատելու թույլտվության, կարող են իրենց հարմարավետ և սոցիալապես պաշտպանված զգալ, ունենալ բժշկական ապահովագրություն, բոլորն այս տարածքում օժտվում են հավասար իրավունքներով: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Եվրասիական միությունը ձևավորվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սկզբունքների վրա: Այս միության մեջ գտնվող պետությունը միաժամանակ հեռանկարում լինելու է նաև ԱՀԿ-ում, ինչը շատ կարևոր է: Ինչ վերաբերվում է Հայաստանի համար օգուտներին այլ ուղղություններից, ապա տնտեսագետները պետք է դա հաշվեն, բայց ինձ թվում է, որ հիմքում պետք է ընկած լինի աշխատուժի ազատ տեղափոխությունը: Բայց հաշվի առնելով այն, որ ձեր տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, ձեր տարածքում գործում են ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություններ, այսօր դուք լուրջ ներդրումներ ունեք Ռուսաստանի կողմից, ինձ թվում է՝ Հայաստանի համար ևս սա շատ գրավիչ կազմակերպություն է:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա, իմ կարծիքով, օգուտներն ակնհայտ են, համենայն դեպս զուտ տնտեսական առումով: Այլ նրբությունների տեսանկյունից ես կարծում եմ, որ պետք է որոշի ձեր ղեկավարությունը, դա ձեր ներքին գործն է, դուք պետք է որոշեք՝ ինչն է ձեզ համար ավելի շահավետ և լավ, որքանով է ձեր տնտեսական մոդելը պիտանի Եվրամիություն մտնելու համար, թե այն ավելի հարմարեցված է մեր երեք պետությունների կազմում միությանը: Դուք ինքներդ պետք է այս ամենը հաշվի առնեք և որոշեք թե քաղաքական դրդապատճառը, թե տնտեսական բաղադրիչը: Բայց, հաշվի առնելով այն, որ Հայաստանն այսօր ԱՊՀ անդամ է, այն ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի ակտիվ անդամ է, իմ կարծիքով նա ավելի մոտ է մեր միությանը:
Բայց, այնուամենայնիվ, այն ընթացքը, որը դուք իրագործում եք դեպի Եվրամիություն ռազմավարական ուղղվածությամբ, նույնպես գոյության իրավունք ունի: Մի խոսքով, դուք պետք է որոշեք: