16 մարտի 2004 - 17:57 AMT
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Շվեյցարիայի հայ համայնքը եւ այդ երկրում գործող մի շարք կազմակերպություններ դիմել են Հայաստանի ղեկավարությանը` կոչ անելով անհրաժեշտ օրենսդրական եւ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել հայ ազգի հիշատակի համար վիրավորական հայտարարությունները հետագայում կանխելու համար: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի հայերի վեհաժողովը, խոսքը, մասնավորապես, գնում է հայոց ցեղասպանության առնչությամբ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի վերջերս արված հայտարարության մասին: Հիշեցնենք, որ Թ.Էբբոթ-Ուոթի Երեւանում հունվարի 20-ին արված հայտարարության համաձայն, 1915թ. հայերի զանգվածային սպանությունների մասին վկայությունները ոչ այնքան միանշանակ են 1948 թվականին ընդունված ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիային, եւ որ պատմաբանների եւ իրավաբանների վիճաբանություններն այդ առումով դեռեւս շարունակվում են: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են շվեյցարական կազմակերպությունները, 15 պետություն, բազմաթիվ տարածաշրջանների խորհրդարաններ եւ տեղական վարչակազմեր, ինչպես նաեւ մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են` Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների իրավունքի պաշտպանման եւ խտրականության կանխման առնչությամբ ենթակոմիտեն պաշտոնապես եւ միանշանակ ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Դիմումում քննադատվում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որը պաատշաճ ձեւով չի արձագանքել այդ «ծայրահեղ վրավորական հայտարարությանը»: Տվյալ կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը եւ խորհրդարանը անհրաժեշտ օրենսդրական եւ դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հետագայում կանխեն հայ ազգի հիշատակը վիրավորող նման հայտարարությունները, իսկ Թորդա Էբբոթ-Ուոթը հրապարակայնորեն ներողություն խնդրի իր հայտարարության համար: Եթե նա հրաժարվի այդ անել, ապա դեսպանը պետք է հայտարարվի հանրապետությունում որպես «անցանկալի անձնավորություն», ասվում է շվեյցարական կազմակերպությունների դիմումում: