24 մարտի 2012 - 13:40 AMT
Վախճանվել է անվանի հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը

Կարճատև ,բայց ` ծանր հիվանդությունից հետո , մարտի 23-ին , 62 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց մեծանուն հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը: Նա եղել է Խորհրդային Միության 18-ակի, Եվրոպայի 16-ակի և աշխարհի բազմակի ոսկե դափնեկիր, սահմանել է ԽՍՀՄ ,Եվրոպայի և աշխարհի 56 ռեկորդ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է , ԽՍՀՄ սպորտպետկոմի ու ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր , արժանացել է «Մովսես Խորենացի», պարգևի, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ էր, ասվում է ՀԱՕԿ պաշտոնական կայքում:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո դարձավ ՀՀ ԿԳ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ, ուսմասվար,ապա `տնօրեն :

Մեծանուն մարզուհին նաև մեծատառով մարդ էր և մասնագետ: Այս ամենի շնորհիվ մշտաժպիտ ու բարի Զ. Սիմոնյանին հայ մարզասերը համարում էր Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշը :

Անզուգական նշանառուի, մասնագետի և մարդու` Զինաիդա Սիմոնյանի անունը միշտ վառ կմնա հայ մարզասերների հիշողությունում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից սգում է Զ. Սիմոնյանի մահը և ցավակցում նրա հարազատներին :

Զինաիդա Սիմոնյանի մահվան կապակցությամբ իր ցավակցական ուղերձն է հղել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Զինաիդա Սիմոնյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին , Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում /ժամը 18.00 - 20.00-ը /, իսկ հուղարկավորությունը` մարտի 26-ին, նշյալ եկեղեցուց, ժամը 14. 00-ին:

Խորապես ցավակցում եմ հայրենական սպորտի մեծանուն մարզիկներից մեկի՝ Զինաիդա Սիմոնյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Անզուգական մարզուհու մահվան բոթը մեծ կորուստ էր մարզաշխարհի համար: Զինաիդա Սիմոնյանը հայկական սպորտի այն նվիրյալներից էր, ով Խորհրդային Միության, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում միշտ բարձր է պահել մեր երկրի մարզական պատիվը՝ Հայաստան բերելով տասնյակ ոսկե մեդալներ:

Տիկին Սիմոնյանը անգնահատելի ընկեր և ուսուցիչ էր բոլոր հրաձիգների համար, մշտապես պատրաստակամ էր՝ իր մարզական հարուստ գիտելիքներն ու փորձը հաղորդելու երիտասարդ սերնդին:

Խորապես ցավակցում եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հնաբնակ անդամ Զ. Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին ու նրանց հետ կիսում եմ այդ անդառնալի վիշտն ու կորստի ցավը»: