16 մարտի 2004 - 22:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մարտի վերջին Պրահայում: Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, ընդսմին Գուլիեւն արտահայտվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության շարունակության օգտին: «Այսօր երկխոսության շարունակության հնարավորություն դեռեւս կա: Եթե այն դադարի, հարկ կլինի դիմել հակամարտության լուծման այլ միջոցների», - ասել է ադրբեջանցի նախարարը: Նա նշել է, որ համանախագահները որոշ առաջարկներ ունեն, որոնք էլ քննարկելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Պրահայում: «Միջնորդները ցանկանում են այդ գաղափարները ներկայացնել արտաքին գործերի նախարարներին, այնուհետեւ, հաշվի առնելով հանդիպման արդյունքները, կընդհանրացնեն դրանք եւ կկատարեն իրենց հերթական այցը տարածաշրջան»,- ասել է Վ.Գուլիեւը: