17 մարտի 2004 - 18:06 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՈՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտավոր չէ ընդունել այն որոշումը, որի կայացմանը չի մասնակցել: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Օլեգ Եսայանը` Եվրախորհրդարանի անդամներ Ուրսուլա Շլյայխերի եւ Դեմետրիո Վոլչիչի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ, որոնք Հայաստան են ժամանել մասնակցելու Եվրամիություն-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Օ.Եսայանը ընդգծել է, որ Ստեփանակերտի մասնակցությունը բանակցային գործընթացին` որպես լիիրավ անդամ, հանդիսանում է հակամարտության համապարփակ կարգավորման պարտադիր պայման եւ հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի տվյալ դիրքորոշումն աջակցություն կգտնի Եվրամիությունում: Խոսնակը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչվածությունը միջազգային հանրության կողմից չի փոխում ղարաբաղյան խնդրի էությունը: «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը չի կարող ընկալվել որպես հակամարտություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», - ասել է Օլեգ Եսայանը: