18 մարտի 2004 - 17:42 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ
Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ասվում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի ձեռքբերված առաջընթացի մասին զեկույցում, որն արժանացել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը: Զեկույցում նշված են բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծի Թուրքիան մինչեւ ԵՄ-ին նրա հնարավոր անդամակցության մասին բանակցություններ սկսելու հստակ ժամկետ սահմանելը: Փաստաթղթում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նշվում է, որ բացի սահմանի վերաբացումից, Անկարան պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի Երեւանի հետ: Զեկույցում նաեւ կոչ է արվում Եվրոպական հանձնաժողովին ճնշում գործադրել Թուրքիայի վրա` այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հետ կապված հարցերը լուծելու համար: