19 մարտի 2004 - 17:13 AMT
ՀՀ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արտգործնախարարությունը դիվանագիտական հայտագիր է ուղարկել Մեծ Բրիտանիայի կառավարությանը` հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայաստանում այդ երկրի դեսպան Թորդա Էբբոթ-Ուոթի հայտարարության առնչությամբ: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Երեւանում լրագրողներին արված Թ.Էբբոթ-Ուոթի հայտարարության համաձայն` վկայությունները, որոնք թույլ են տալիս 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները համարել ցեղասպանություն ոչ այնքան միանշանակորեն են համապատասխանում 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունած Ցեղասպանության կոնվենցիային, եւ որ պատմաբանների ու իրավաբանների վիճաբանություններն այդ հարցի շուրջ դեռեւս շարունակվում են: Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունը վերածվել է դիվանագիտական սկանդալի` Հայաստանի հասարակության եւ ԱՄՆ ու մի շարք եվրոպական երկրների հայ համայնքի ներկայացուցիչները հանդես են եկել Էբբոթ-Ուոթի հայտարարության դատապարտմամբ: «Մենք ափսոսանք ենք հայտնում նման դիրքորոշման առթիվ»,- նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպաարյանը: Նա հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, իսկ որոշները` դեռեւս ոչ: «Այս հարցում յուրաքանչյուր կառավարություն ունի իր դիրքորոշումը` ելնելով տվյալ պահի իր ռազմավարական շահերից: Սակայն Հայաստանի հողի վրա այլ երկրների դեսպանները պետք է նման զգայուն հարցին մոտենան ամենայն զգուշությամբ եւ նրբանկատությամբ», ասել է մամուլի քարտուղարը: Նա նաեւ նշել է, որ «Ցեղասպանության հանցագուծության պատժման եւ կանխարգելման մասին» 1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի նախաձեռնող Ռաֆայել Լեմկինն առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» տերմինը` հիմնվելով հայ ժողովրդի պատմական փորձի վրա: