23 մարտի 2004 - 17:24 AMT
ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Մարտի 17-ին Լոնդոնում կայացած Միջազգային ներդրումային համաժողովում քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները: Համաժողովը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը` Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության եւ Հանքարդյունաբերության վերլուծաբանների Լոնդոնի ասոցիացիայի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են միջազգային հանքարդյունաբերության եւ ֆինանսական կազմակերպությունների եւ Հայաստանի կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ, ՀՀ հանքարդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարներ: Համաժողովում ելույթ ունեցած ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը մասնակիցներին ներկայացրել է ներդրումային մթնոլորտը Հայաստանում` տեղեկացնելով, մասնավորապես, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհելու ՀՀ կառավարության մտադրության մասին: Իրենց հերթին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ արտասահմանյան ներդրողները, որոնք Հայաստանում արդեն գործունեություն են ծավալել, ծանոթացրել են իրենց փորձին` ընդգծելով Հայաստանի կառավարության դրական վերաբերմունքը արտասահմանյան ներդրողների նկատմամբ: