29 մարտի 2012 - 16:56 AMT
Տորոնտո քաղաքի ՀՕՄ վարժարանի աշակերտներն այցելել են Հայաստան

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարություն են այցելել Կանադայի Տորոնտո քաղաքի Հայ oգնության միության (ՀՕՄ) ամենօրյա վարժարանի աշակերտներ` վարժարանի փոխտնօրեն Րաֆֆի Սարգիսյանի և ուսուցչուհի Թալին Արթինյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, ՀՕՄ և վարժարանի տնօրինության ջանքերով իրականացվող ծրագրի միջոցով արդեն հինգերորդ տարին վարժարանի տասներորդ դասարանի աշակերտները երկու շաբաթով այցելում են Հայաստան: Նրանք լինում են պատմամշակութային վայրերում, ծանոթանում հայկական ազգային արժեքներին և ավանդույթներին, ունկնդրում դասախոսություններ:

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ֆիլմի դիտումից հետո ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը և գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Ս.Համբարյանն այսօր ներկայացրել են նախարարության ծրագրերը` անդրադառնալով հատկապես կրթական, մշակութային և երիտասարդական ծրագրերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքային հիմնախնդիրներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վարժարանին գրքեր, ուսումնաօժանդակ նյութեր, Հայաստանի Հանրապետության խորհրդանիշեր ուղարկելու վերաբերյալ: