29 մարտի 2012 - 17:35 AMT
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ, Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը գլխավորել է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը (Լեհաստան). Դիտարկման խմբի կազմի մեջ էին մտնում ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը (Հունգարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացրել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: