29 մարտի 2012 - 18:20 AMT
Ֆրանսիայի դեսպանատանը սկսվել է արտասանության մրցույթը

Այսօր` մարտի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը սկսվեց ֆրանսերեն արտասանության մրցույթը: Այն կազմակերպվել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ: Միջոցառումն անցկացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակում:

Նախապես ընդունված 25 հայտերից ընտրվել են 15 ներկայացուցիչներ Երևանի տարբեր բուհերից: Այն ընթանում է 3 փուլով: Առաջին փուլում մասնակիցները ներկայացնում են իրենց, այնուհետև քաշում թուղթ, որտեղ գրված է ֆրանսիական դասական որևէ գրողի ստեղծագործության մի հատված: Երկրորդ փուլից հետո 7 հոգանոց ժյուրին ընտրում է լավագույն 7-ին, ովքեր էլ անցնում են եզրափակիչ փուլ:

Նախատեսված է 3 մրցանակային տեղ, ինչպես նաև հանդիսատեսի, դեսպանատան համակրանքի մրցանակ: 1970 թ. ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ` Մշակութային և տեխնիկական համագործակցության ասոցիացիան: Որպես ֆրանկոֆոնիայի օր է ընտրվել մարտի 20-ը:

Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: