29 մարտի 2012 - 18:33 AMT
Տրանպորտի և կապի նախարարությունը արձանագրել է 4900 վարչական իրավախախտում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում 2011թ.-ի զարգացումները, գրանցված առավելություններն ու թերությունները:

Մասնավորապես, նախարարությունում արձանագրվել են 4900 վարչական իրավախախտում` նախորդ տարվա 3700-ի փոխարեն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 34.5 մլն դրամ նախորդ տարվա 23 մլն դրամի համեմատ: 2011 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել են 838,5 մլն դրամի չափով տուր-քեր, վարձակալական վճարներ և այլ` ոչ հարկային եկամուտներ:

Պաշտպանի գնահատմամբ`փոփոխություններ են կատարվել ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգերում, որոնց արդյունքում բարելավվել են ընթացակարգերը և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը:

Բարեփոխումներ են իրականացվել նաև տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը կարգավորող իրավական դաշտում` տրանսպորտային միջոցները ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորության ապահովման նպատակով:

Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրավախախտումները կանխելուն: