Այս տարի իրանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան էապես կրճատվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Տիգրան Դավթյանը:
«Իրանցի զբոսաշրջիկների ընդունման քանակով Հայաստանը գտնվում է 5-րդ տեղում` զիջելով Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին: Սակայն մենք ավելի շատ առավելություններ ու նախադրյալներ ունենք գրավելու իրանցի զբոսաշրջիկներին, քան այդ երկրները»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ դրա համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. «Օբյեկտիվ պատճառներից է այն, որ այս տարի Իրանի հյուսիսում ձյան առատ տեղումներ եղան և նրանք նախընտրեցին այդ ճանապարհով Հայաստան չգալ: Կտրուկ արժեզրկվել է նաև Իրանի ազգային տարադրամը, ինչը նույնպես ազդել է զբոսաշրջիկների թվի վրա»:
Պարսիկ զբոսաշրջիկների հոսքի նվազման համար, ըստ միջազգային տուրիզմի մասնագետ Հենրիկ Տեր-Մարկոսյանի, կան բազմաթիվ այլ պատճառներ. «Մենք չունենք նորմալ ճանապարհային սերվիս, չկան նորմալ զուգարաններ, կայանատեղեր, այս շրջանում անբնական կերպով բարձրանում են հյուրանոցների ու վարձով տրվող բնակարանների գները»:
Տիգրան Դավթյանը հավելեց, որ իրանցի զբոսաշրջիկներին վերջնականապես չկորցնելու համար անհրաժեշտ է, որ պետության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկվեն. «Մասնավոր բիզնեսն արդեն անում է այդ քայլերը, օրինակ` խանութների ցուցանակները, ռեստորանների, հյուրանոցների ճաշացանկն արդեն գրվում են նաև պարսկերենով, ինչը շատ ողջունելի է»: