Հայտնի ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին Երևանում կկատարի «Հայաստանի լեռներ» երգը: Ելույթը տեղի է ունենալու մարտի 31-ին` «Մեցցո» ակումբում, որը կազմակերպել է Modd Events ընկերությունը:
Երգի մեղեդին նա սովորել է իր տատիկից և գրել համապատասխան բառերը: Բացի դրանից, մեկ ժամանոց համերգի ընթացքում Ֆիորին կատարելու է «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից հատվածներ, ինչպես նաև սեփական երգացանկից ստեղծագործություններ:
Ֆիորին մամլո ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ ամեն երեկո դուդուկ է նվագում, որն իր համար գնել է հայրը Հայաստանից:
Երգիչը մեկ ու կես տարի համերգներով շրջագայել է Ֆրանսիայում, և նույն թիմով եկել է Հայաստան: Երևանյան համերգից հետո նա ելույթ է ունենալու Լիբանանում և Ռուսաստանում, գրելու է նոր ստեղծագործություններ և հոկտեմբերից-մարտ ամիսների ընթացքում կրկին շրջագայելու է:
Պատրիկ Ֆիորին (Շուշայան) ծնվել է 1969 թ-ի սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Ինչքան ինձ հիշում եմ, ես շրջապատված եմ երաժշտությամբ», ասում է երգիչը, հավելելով. «Երբ ես փոքր էի, իմ քույրերն ինձ համար օրորոցային էին երգում: Մեր տանը երգում են բոլորը` նույնիսկ բաղաձայն հայրս»:
Երգիչն առաջին անգամ բեմ է դուրս եկել 12 տարեկանում, Մարսելի օպերայում: Ֆիորին շատ արագ ճանաչում է ստանում և հրավերներ ստանում տարբեր վայրերից: 1992 թ-ին «Ֆրանսիական երգ» մրցույթում արժանանում է առաջին մրցանակի: 1993 թ-ին նրան պատիվ է վիճակվում Ֆրանսիան ներկայացնելու « Եվրատեսիլ» երգի մրցույթում, որտեղ Mama Corsica երգով զբաղեցնում է 4-րդ տեղը: 1994 և 1995 թ-ին նա թողարկում է երկու ձայնասկավառակ:
1997 թ-ին երգիչը մեծ վերելք ապրեց «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում ելույթ ունենալուց հետո: Գառուի և Դանիել Լավուայի հետ համատեղ ձայնագրած Belle երգը պտտվում էր ողջ աշխարհով մեկ:
2000 թ-ին մյուզիքլից դուրս գալուց հետո նա ձայնագրել է ևս 5 ալբոմ: 2010 թ-ին L’instinct masculin ալբոմը 3 ամիս անց դարձավ պլատինե: