ՀԱԿ-ի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ցուցարարների ուշադրությունը հրավիրել է ընտրացուցակների հարցին: «Բոլոր ընտրությունները և անգամ Հայաստանի ճակատագիրը կախված է չարաբաստիկ ընտրացուցակներից, որոնց մեջ ընգդրկված է անգամ ոչ թե 500, այլ 700 հազ. (ավելորդ` խմբ.) մարդ»,- հայտնել է նա:
Նա հեգնանքով է նկատել, որ 2008թ. համեմատ ընտրացուցակներում ավելացնելով 175 հազ. մարդ` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հավանաբար, ցանկանում էր ցույց տալ Սերժ Սարգսյանին, որ ինքն ավելի հմուտ է այդ հարցում, քան իրեն նախորդած Ալիկ Սարգսյանը:
Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ անգամ կաշառակերությունն ու բռնությունն ընտրությունների ժամանակ չեն օգնում իշխանություններին, և նրանց միակ հույսը մնում են ընտրացուցակները:
Այս կապակցությամբ նա լրագրողներին, քաղաքագետներին և քաղաքական կուսակցություններին, ում մտահոգում է արդարությունն առաջիկա ընտրություններում, կոչ է արել պայքարել այն բանի համար, որպեսզի ցուցակները շտկվեն և որպեսզի ընտրություններից հետո հրապարակվեն քվեարկածների ցուցակները: Նա նկատել է, որ իր նախագահության օրոք այդ ցուցակները հրապարակվում էին, սակայն հետո իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ վերացրեց դա:
Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողներին կոչ է արել օտարերկրյա դեսպանների մոտ մշտապես բարձրացնել ընտրացուցակների հարցը, «ռմբակոծել նրանց այդ հարցով»` հավելելով, որ ինքը վաղը ԵԱՀԿ/ԺՄԻԲ ղեկավարի հետ հանդիպմանը բարձրացնելու է այդ հարցը. «Եվ եթե այդ հարցը չլուծվի, ապա միջազգային դիտորդներն ու դեսպանությունները ընտրությունների կեղծման մասնակիցը կդառնան»,- ընդգծել է ՀԱԿ-ի ղեկավարը: