Մարտի 31-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանը գնալով ավելի շատ է իր դեմ տրամադրում Իրանին: Իրանը մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ նրա տարածքում գործում են իսրայելցի գործակալներ, որոնք մահափորձեր են կազմակերպում պարսիկ գիտնականների դեմ: Զուր չէ, որ բրիտանական Times-ը Ադրբեջանն անվանել է «լրտեսների բույն», ասել է Ասատրյանը: Ըստ նրա, էլ ավելի սրեցին իրավիճակը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ենթադրյալ իրանցի «ահաբեկիչների» ձերբակալությունն ու լուրերը Ադրբեջանի տարածքում գտնվող օդանավակայանը Իսրայելին տրամադրելու մասին: Բացի այդ, ասել է փորձագետը, Ալիևի մեջիթների փակման քաղաքականությունը, Եվրատեսիլի անցկացումն ու նույնիսկ հավանական գեյ-շքերթը բացասական արձագանք են առաջացրել Իրանի հոգևորականների մոտ: Իրանի պաշտոնական անձիք ու հոգևորականության ներկայացուցիչները բազմիցս են զգուշացրել, որ հակազդեցությունը շատ կոշտ կլինի: Այսպիսով, միանգամայն կանխատեսելի է Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը, և այս իրավիճակում Հայաստանը պետք է առավելագույնս օգտվի դրանից, ասել է Սարգիս Ասատրյանը: