27 մարտի 2004 - 20:21 AMT
ՂԱՐՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ, ԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ
Թուրքիայի Ղարսի տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկը Հայաստանի հետ սահմանին տեղակայված Աքքայա անցակետի վերաբացման հարցն է: Այդ մասին գրում է թուրքական «Միլլիեթ» թերթը: Ինչպես նշվում է հոդվածում, Ղարսի բնակիչները սպասում են սահմանի վերաբացմանը, որը փակվել էր 1993 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ` Ադրբեջանին գոհացնելու համար: «Այս սահմանադռան վրա կախված կողպեքը կասեցնում է Թուրքիայի ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը ինչպես Հայաստանի ու Կովկասի այնպես էլ թուրքախոս պետությունների ու Չինաստանի հետ, գրում է թերթը: «Կարսից 66 կմ հեռավորության վրա գտնվող սահմանային այդ անցակետի վերաբացումը հնարավորություն կտա առեւտուր անել Հայաստանի ու այլ երկրների հետ, ինչը կհանգեցնի Թուրքիայի այդ հետամնաց շրջանի տնտեսական զարգացմանը, ասվում է հոդվածում: