3 ապրիլի 2012 - 21:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Էրատո Կոզակու-Մարկուլիս. Ցեղասպանության վերապրած ժողովուրդը հարգանքի է արժանի

Այսօր Երևանում Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի Էրատո Կոզակու-Մարկուլիսի մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է կիպրոսյան պաշտոնակցին երկկողմ հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրների հարաբերությունները բավական բարձր մակարդակում են: Նա նշել է, որ Հայաստանը գնահատում է, որ Կիպրոսն առաջիններից մեկն է ճանաչել Ցեղասպանությունը: Նալբանդյանը մեծապես կարևորել է Կիպրոսի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում և ասել, որ Հայաստանը Կիպրոսի կողքին է երկրի միավորման հարցում և չի ընդունում դրա մասնատումը:

Էրատո Կոզակու-Մարկուլիսն իր հերթին ընդգծել է, որ ինքն ուրախ է գտնվելու այդպիսի հիանալի երկրում և վաղուց է սպասել այդ պահին, որպեսզի իր հարգանքն արտահայտի Ցեղասպանություն վերապրած ժողովրդի հանդեպ: Նա նշել է, որ մոտ 3500 հոգուց բաղկացած հայ համայնքը մեծ դեր է խաղում երկրի զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոզակու-Մարկուլիսը նկատել է, որ ՀՀ և Կիպրոսի միջև ավելի քան 15 պայմանագիր է ստորագրվել, և համագործակցությունը շարունակվելու է: Կիպրոսյան գործնական շրջանակները շահագրգռված են առևտրատնտեսական համագործակցությամբ, նշել է նա:

ԱԳ նախարարները հայտնել են, որ մամլո ասուլիսին նախորդած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում` Կիպրոսի միավորման և Ղարաբաղի հիմնախնդիրները:

ՖՈՏՈՇԱՐՔ