2 ապրիլի 2004 - 19:01 AMT
ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՆԳԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել Հունգարիայի իր պաշտոնակից Բարնաբաս Լենկովիչին, որում վստահություն է հայտնում, որ փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից հայ սպա Գուրգեն Մագարյանի դաժան սպանության վերաբերյալ գործը կգտնվի նրա հատուկ ուշադրության կենտրոնում: «Մեկ անգամ եւս ոտնահարվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի` մարդու ապրելու իրավունքի մասին նորմը: Անկասկած տեղի ունեցածը ադրբեջանական իշխանությունների սանձազերծած հակահայկական հիստերիայի հետեւանք է»,- ասվում է նամակում: Լ.Ալավերդյանը Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել պաշտոնական Բաքվի կողմից հատկապես վերջին ամիսներին ծավալած ռազմատենչ քարոզչության վրա: