4 ապրիլի 2012 - 17:35 AMT
«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» դարցի մրցաշարի հաղթող է դարձել Էմմա Առաքելյանը

Ապրիլի 4-ին Երևանում «No Problem» զվարճանքների կենտրոնում տեղի է ունեցել «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» դարցի 5-րդ ավանդական մրցաշարը, որի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունները: Դրան մասնակցել են Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:

«Հույսի կամուրջը» ԵՊՄՀ-ի հետ իրականացնում է համատեղ ծրագրեր, և դրանցից մեկը դարձել է այս մրցաշարում ուսանողների մասնակցությունը: Նրանք՝ որպես ապագա մանկավարժներ, պետք է ծանոթ լինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների հետ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հույսի կամուրջ» աշխատակից Զառա Բաթոյանը:

Մրցաշարում հանդես են եկել 32 մասնակիցներ, հաղթել է Էմմա Առաքելյանը, իսկ Տաթև Գալոյանը և Արթուր Կարոյանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը: