4 ապրիլի 2012 - 18:36 AMT
Սամվել Նիկոյանը Էրկկի Տուոմիոյայի հետ քննարկել է ՀՀ և Ֆինլանդիայի խորհրդարանների համագործակցության հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 4-ին ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է սկանդինավյան տարածաշրջանի և, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ և փոխշահավետ համագործակցության հաստատումը: Նիկոյանի խոսքով` Հայաստանը դրական է գնահատում Ֆինլանդիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, և այն հավասարակշռված կեցվածքը, որ ունի Հայաստանին վերաբերող քաղաքական խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդարանի ղեկավարը նշեց, որ տպավորիչ են այն հաջողությունները, որոնք գրանցել է Ֆինլանդիան տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այդ հաջողությունները, պարոն Նիկոյանի խոսքով, արժանի են ընդօրինակման:

ԱԺ նախագահը կարևորեց խորհրդարանների ունեցած փորձն ու հեղինակությունը` ժողովրդավարական ինստիտուտների հզորացման, օրինաստեղծ գործունեության լիարժեք իրականացման համար: Որպես դրանց հասնելու ճանապարհներից մեկը նա նշեց պառլամենտարիզմի ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների հետ փոխադարձ շփումները, ինչպիսին Ֆինլանդիան է: ՀՀ խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ հարաբերությունները կարևորեց նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից: Այդ առումով ակնկալվում է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: