5 ապրիլի 2012 - 17:00 AMT
Զատկին ընդառաջ Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Stabat Mater ստեղծագործությունը

Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, Սուրբ Զատկին ընդառաջ տեղի կունենա առանձնահատուկ համերգ` ի հիշատակ Տիրոջ Խաչելության: Համերգում ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մասնակցելու են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան), և «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան):

Համերգում ներկայացվելու են Պուլենկի և Պերգոլեզիի Stabat Mater ստեղծագործությունները: Առաջին մասում ներկայացվելու է Պերգոլեզիի ստեղծագործությունը, որով նվագախմբի հետ ելույթ է ունենալու «Տիրամայր Հայաստանի» եգչախումբը, իսկ երկրորդ մասում` Պուլենկի գործը` «Հովեր» ու Կամերային երգչախմբերի մասնակցությամբ:

Համերգը ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը, մենակատարներն են` սոպրանոներ Մանե Գալոյանն ու Մերի Մովսիսիյանը և մեցո-սոպրանո Նարինե Անանիկյանը:

Stabat Mater-ը լատիներեն լեզվով կաթոլիկ սեկվենցիա է, որի հեղինակն է համարվում 18 դարի բանաստեղծ Յակոպոնե դա Տոդին: Իր անվանումն այն ստացել է ստեղծագործության առաջին` Stabat Mater dolorosa («Կանգնած էր Մայրը ողբացող») նախադասությունից: Stabat Mater-ի առաջին մասը պատմում է Քրիստոսի խաչելության ժամանակ Տիրամոր տառապանքների մասին, իսկ երկրորդ մասը մեղսագործի աղաչանքն է Աստծուն, մահվանից հետո դրախտ ընկնելու համար:

Այդ օրհներգի հիման վրա գրվել է շուրջ 200 ստեղծագործություն, ամենահայտնի կոմպոզիտորների կողմից: