«Մարաղայի դեպքերը ռազմական հանցագործություն են ցեղասպանության տարրերով»,- այսօր հայտարարել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ Հովհաննես Նիկողոսյանը «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ կազմակերպած միջոցառման ժամանակ՝ նվիրված Մարաղայում ցեղասպանության 20-րդ տարելիցին: «Մարաղան մարտական գործողությունների գոտուց հեռու է գտնվել, և ռազմական տեսանկյունից գյուղի վրա հարձակվելու անհրաժեշտություն չի եղել: Հանցագործությունն ուղղվել է հենց հայերի դեմ և նպատակը եղել է թալանն ու սպանությունը: Ցավոք սրտի, Միջազգային քրեական դատարանը կարող է քննարկել գործեր, որոնք կապված են 2002-ից հետո տեղ գտած իրադարձությունների հետ, երբ ընդունվել է Հռոմի արձանագրությունը, որը ենթադրում է պատասխանատվություն ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և ագրեսիայի համար»,- նշել է Նիկողոսյանը: «Բայց բնակիչները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան վնասի փոխհատուցման համար, իսկ դիտարկման ընթացքում դատարանը ստիպված կլինի ուշադրություն դարձնել Ցեղասպանության փաստերի վրա և այն առանձին քննարկել: Դա այն է, ինչին մենք կարող ենք հասնել արդեն մոտակա հեռանկարում»,- ասել է փորձագետը:
1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը հարձակման ենթարկվեց ադրբեջանական զինվորների կողմից՝ արդյունքում գյուղն ամբողջապես ավիրվեց, 59 մարդ սպանվեց, 57 հոգի գերեվարվեց, այդ թվում 9 երեխա և 29 կին, ևս 19 հոգի մինչ օրս համարվում է անհայտ կորած: