13 ապրիլի 2004 - 00:43 AMT
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՐԹԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԵՏ
Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները, որոնց նախաձեռնած երթը դեպի Հայաստանի նախագահի նստավայր` նրա հրաժարականի պահանջով, կանգնեցվել է Բաղրամյանի պողոտայում գտնվող Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանների պատնեշով, հանդիպում են պահանջել խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Ժամը 19-ի դրությամբ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ եւս երեք ընդդիմության ակտիվիստներ` որպես հավաքվածների պատվիրակներ մտել են խորհրդարանի շենք` երթի մասնակիցների պահանջները խոսնակին փոխանցելու համար: Մասնավորապես, նրանք մտադիր են առաջարկել Ա.Բաղդասարյանին դուրս գալ ժողովրդի մոտ եւ միանալ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջին: Բացի այդ, ընդդիմության ղեկավարությունը պահանջներ է ներկայացրել նաեւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին` հանել փշալարերը եւ թույլ տալ շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր, իսկ հեռուստաընկերություններին` ապահովել երթի ուղիղ հեռարձակումը: Մոտակա ժամերին պահանջները չկատարելու դեպքում ընդդիմադիրները սպառնացել են երթով շարժվել դեպի Հայաստանի մարզեր: