13 ապրիլի 2004 - 18:31 AMT
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ Է ԵՂԵԼ ՈՒԺ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Չարտոնված հանրահավաքը, որը կազմակերպել էին «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարները, սադրիչ կոչերի եւ հրահրիչ հայտարարությունների արդյունքում տեղական ժամանակով 19:00-ի սահմաններում վերածվեց անօրինական երթի` խոչընդոտելով Բաղրամյանի պողոտայի երթեւեկությանը, կառավարական ու դիվանագիտական որոշ հաստատությունների բնականոն աշխատանքը, խախտելով հասարակական կարգն ու գիշերային ժամին աղմկոտ հանրահավաքով ու բարձրագոչ երժշտությամբ խանգարելով քաղաքացիների անդորրը: Այդ մասին նշվում է Հայաստանի Ոստիկանության հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է փաստաթղթում, չնայած ոստիկանության աշխատակիցների բազմակի նախազգուշացումներին, որ ցուցարարների գործողությունները հակաիրավական են եւ շարունակվելու դեպքում կարժանանան համարժեք արձագանքի, օրինախախտները տեւական ժամանակ շարունակեցին հակահասարակական գործողությունները: Ավելին, ասվում է փաստաթղթում, նախազգուշացումներին ի պատասխան` ցուցարարների շղթան շարժվեց ոստիկանների ուղղությամբ, նրանց կողմը նետելով բռնկուն նյութով շշեր, քարեր, այլ առարկաներ: Ցուցարարները բղավում էին ոստիկանության արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր էին արվում, հայտարարություններ հնչեցին ցուցարարների մեջ մարտական փորձ ունեցող ու զինված մարդկանց առկայության մասին: Ցուցարարների գործողություններն ավելի ու ավելի ագրեսիվ եւ անվերահսկելի էին դառնում`իրական վտանգ ստեղծելով թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիների կյանքի ու առողջության համար: Ստեղծված իրավիճակի վտանգավորությունից ու կատարվող իրավախախտումների բնույթից ելնելով, իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին ցուցարարների չենթարկվելու, իրավախախտումները կանխելու եւ խափանելու, ինչպես նաեւ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով` ոստիկանության ներկայացուցիչները, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված կարգով, հարկադրված էին ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, ասվում է հայտարարությունում: Հանրահավաքի ժամանակ նրա մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին եւ դիմադրություն են ցույց տվել: Ցուցարարների մոտ եղել են մահակներ, սուր, ծակող, կտրող գործիքներ, ձողեր: Բախման հետեւանքով ոստիկանության մի շարք աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, կան հոսպիտալացվածներ: Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել կարգազանցներ եւ անկարգությունների կազմակերպիչներից մի քանիսը, որոնց թվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը, որը «խաղաղ ցույցին» մասնակցում էր հրազենով: Անկարգությունների մի շարք կազմակերպիչներ ու մասնակիցներ դիմել են փախուստի: Ոստիկանությունը հետաքննչական-որոնողական միջոցառումներ է ձեռնարկում նրանց հայտնաբերելու - պատասխանատվության ենթարկելու համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվել են խուզարկություններ: Կատարվում է քննություն` ձերբակալվածների ինքնությունը պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով: Վիրավորներին եւ վնասվածք ստացածներին անմիջապես ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Երկրի գլխավոր դատախազն իրազեկվել է կատարվածի մասին: ՀՀ դատախազության հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ: Հայաստանի ոստիկանությունը հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը մայրաքաղաքում լիովին վերահսկվում է, արվում է ամեն ինչ հրահրված անկարգությունների հետեւանքները վերացնելու, կազմակերպիչներին ու սադրիչներին հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու, ինչպես նաեւ հետագայում հակաիրավական եւ հակահասարակական գործողությունները բացառելու համար, նշվում է Ոստիկանության հայտարարությունում: