13 ապրիլի 2004 - 21:16 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐԱԿՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ
Վերջին օրերին ագրեսիվ տրամադրված քաղաքական փոքրամասնության պահվածքը, մասնավորապես` իշխանափոխության եւ բռնության կոչերը, չարտոնված հանրահավաքներն ու երթերը, ստացան քաղաքական ծայրահեղականության դրսեւորումներ: Այսպիսին է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին տրված գնահատականը, որն այսօր հայտարարել է նրա մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Մամուլի քարտուղարի խոսքերով` երկրի ղեկավարը գտնում է, որ դա հատկապես վտանգավոր է ժողովրդավարական արժեքներ որդեգրած, տնտեսության արմատական բարեփոխումներ իրականացնող պետության համար, քանի որ հարվածում է երկրի կայունությանն ու ձեռք բերած հեղինակությանը: Ստեղծված իրավիճակում իրավապահ մարմինները պարտավոր էին ապահովել հասարակական կարգը` օրենքի շրջանակներում, ասել է մամուլի խոսնակը: Ոստիկանության միջամտությունն իրականացվել է այնպիսի պայմաններում, երբ ընդդիմության գործողությունների հետեւանքով խաթարվել էին Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի բնականոն աշխատանքները, ինչով վտանգվել էր երկրի սահմանադրական կարգը, նշել է Աշոտ Քոչարյանը: Ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին եւ ցուցադրել են անհնազանդություն: Պետական բոլոր կառույցները գործում են իրենց սահմանադրական գործառույթների շրջանակներում` կատարելով երկրի եւ ժողորվրդի բնականոն կյանքն ապահովելու իրենց վրա դրված պարտավորությունը: Իշխանությունները կգործադրեն բոլոր օրինական միջոցները քաղաքական էքստրեմիզմի նոր դրսեւորումները կանխելու նպատակով, նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: