13 ապրիլի 2004 - 23:13 AMT
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ «ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆ» ՄԵՋ
Նախորդ գիշեր տեղի ունեցածն ապացուցում է, որ բարբարոսական մեթոդների դիմող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլեւս ի վիճակի չէ ղեկավարել երկիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, որը ներկայումս թաքնվում է իրավապահ մարմիններից: Երեւանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին գիշերը ցրած ոստիկանության գործողությունները որակելով որպես բարբարոսական ակցիա` Ա.Գեղամյանը նշել է, որ «ոչինչ չկասկածող խաղաղ ամբոխի վրա անսպասելիորեն տեղացել են ջրի շիթեր եւ մահակներ»: Նա խոստովանել է, որ ինքը եւս ռետինե մահակի երկու հարված է ստացել` ուսին եւ ոտքին: Արտաշես Գեղամյանը հրաժարվել է հայտնել իր գտնվելու վայրը` «իր մերձավորներին տհաճություններից զերծ պահելու համար»: