13 ապրիլի 2004 - 23:46 AMT
ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑՈՒՅՑԻ ՑՐՈՒՄԸ «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Ընդդիմադիր քաղաքական ուժերի «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր հայտարարել է, որ ընդդիմության հանրահավաքի ցրումը «աննախադեպ հանցագործություն Էր հայ ժողովրդի նկատմամբ»: Նրա խոսքերով` «հանցագործ են ինչպես խաղաղ հանրահավաքը ցրելու հրամանի հեղինակը, այնպես էլ դրա անմիջական կատարողները»: «Արդարություն» դաշինքի ղեկավարը որպես «բացարձակ սուտ» որակեց Հայաստանի ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց ագրեսիվ էին պահում: Ս.Դեմիրճյանը հայտարարել է, որ ցուցարարների վրա հարձակված ոստիկանության հատուկ նշանակության ուժերը թաքնված են եղել Հայաստանի Ազգային Ժողովի շենքում, եւ այդ պատճառով, կատարվածի համար պատասխանատվության մի մասն ընկնում է իշխող կոալիցիայի եւ անձամբ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի վրա: