Իսպանիայի թագավորը կկրճատի ընտանեկան ծախսերը 170 հազար եվրոյով՝ հաշվի առնելով երկրի ծանր տնտեսական վիճակը, ասվում է թագավորական տան հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, չի բացառվում, որ թագավորական ընտանիքի բյուջեի վերջնական հաստատումից հետո, որն ինչպես ակնկալվում է, այս տարի կկազմի 8,26 մլն եվրո, հավանաբար, լրացուցիչ կրճատումներ կարվեն: Միևնուն ժամանակ, բյուջեի կրճատումը չի հանգեցնի սպասարկող անձնակազմի ու միջին օղակի պաշտոնյաների աշխատավարձերի կրճատմանը:
Թագավորական ընտանիքի ծախսերն անցյալ տարի կազմել են 8,43 մլն եվրո տարեկան, որից թագավոր Խուան Կառլոս Առաջինը ստացել է 292,552 հազար եվրո: Նշենք, որ եկամուտների 40 տոկոսը պետությունը գանձում է որպես հարկ:
Թագաժառանգ արքայազն Ֆելիպե Աստուրիացին թագավորից երկու անգամ պակաս գումար է ստացել՝ տարեկան 146,357 հազար եվրո և 50 ցենտ:
Թագուհի Սոֆիան, արքայադուստրեր Քրիստինան և Ելենան, ինչպես նաև թագաժառանգի կինը՝ Լետիցիան տարեկան ստացել են 370 հազար եվրո:
Ըստ Սահմանադրության, թագավորը պարտավոր չէ հաշվետու լինել իր եկամուտների ու ծախսերի համար: Սակայն, հաշվի առնելով ծանր տնտեսական իրավիճակը, թագավորն առաջին անգամ անցյալ տարի որոշեց հրապարակել թագավորական տան բյուջեի մասին տվյալները: