Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ ավստրիացի բանասեր, մշակութաբան Բարբարա Դենշերի «Կամուրջ Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև» գրքի շնորհանդեսը:
Դենշերը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիրքը պատմում է Վիեննայի Մխիթարյան միաբանության, մասնավորապես տպարանի մասին:
Դենշերը ցավով նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները դուրս են մղում ավանդական տպագրական եղանակները, և Մխիթարյան միաբանության տպարանը բացառություն չեղավ: Այն փակվել է մոտ 10 տարի առաջ, չնայած ուներ 200-ամյա պատմություն և տպագրել էր 41 լեզվով գրքեր:
«Աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ մենք չենք մոռանում մխիթարյան միաբանության անդամների այդ մեծ աշխատանքը, որոնք այդ հայերն արել են այդքան տարիների ընթացքում»: Դենշերն իր հետազոտությունները կատարել է Վիեննայի ազգային գրադարանում, ինչպես նաև հենց Մխիթարյան վանքում: Բացի դրանից, նա եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը»: Գիտնականը դժվարանում է կոնկրետ նշել, թե ինչքան է տևել իր հետազոտությունը, քանի որ նա ուսումնասիրելով այլ թեմաներ, տեսել է միաբանության մասին նյութեր և արխիվացրել է:
Միջոցառումը կազմակերպվել է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում: Գիրքը երկլեզու է` հայերեն և գերմաներեն:
Շնորհանդեսից անմիջապես հետո գիտնականը ներկայացրեց «Մխիթարյան միաբանության գրատպության արվեստը» զեկույցը: