12 ապրիլի 2012 - 16:12 AMT
Բրյուսովի անվան համալսարանում տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել և արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից` խախտումները հիմնականում առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես.

1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, «Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման և կուրսի կրկնության կարգը», «ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը», «ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը», «ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը», հակասում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձևակերպման գործընթացների իրականացման ընթացքում:

3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետևանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու և երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ: