15 ապրիլի 2004 - 18:12 AMT
ԵԱՀԿ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
ԵԱՀԿ-ն անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներով եւ կոչ է անում բոլոր ներքաշված կողմերին քաղաքական երկխոսության միջոցով լուծել առկա տարաձայնությունները` լարված իրավիճակը երկրում թուլացնելու համար: Այդ մասին հայտարարել են ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակում, ավելացնելով, որ նրանք ուշադիր հետեւում են ապրիլի 13-ի առավոտյան Երեւանում ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալված ու մարմնական վնասվածքներ ստացած անձանց ճակատագրերին եւ Հայաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների խուզարկություններին: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը ողջունել է Ազգային Ժողովի պատգամավորներ Շավարշ Քոչարյանի, Արշակ Սադոյանի եւ Ալեքսան Կարապետյանի ազատ արձակումը, որոնք նույնպես ձերբակալվել էին ոստիկանության գործողությունների արդյունքում, ասվում է հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ գրասենյակը իր մտահոգությունն է հայտնել նրանց ձերբակալման ընթացքում, ըստ որոշ տվյալների, ուժի կիրառման փաստով, ինչպես նաեւ ձերբակալման ընթացքում իրավական օգնություն ստանալու հարցում դժվարությունների կապակցությամբ: ԵԱՀԿ գրասենյակը շարունակելու է հետեւել Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրականացմանը, որոնք ամրագրված են ԵԱՀԿ սկզբունքներում ու պարտավորություններում, եւ որոնք Հայաստանը ստանձնել է որպես ԵԱՀԿ անդամ երկիր, ասվում է հայտարարության մեջ: