12 ապրիլի 2012 - 20:23 AMT
Մայիսի 6-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ներկա կգտնվեն մոտ 500 միջազգային դիտորդներ

Մայիսի 6-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ներկա կգտնվեն մոտ 500 միջազգային դիտորդներ, այդ մասին լրագրողներին է հաղորդել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարներից մեկը` բարոնուհի Էմմա Նիքոլսոնը:

Նրա խոսքով` իրենց այցը Երևան նախնական էր, որի նպատակը ծանոթությունն էր այն մարդկանց հետ, ովքեր մասնակցելու են առաջիկա ընտրություններին գործընթացին:

«Մեր գործը չէ, թե ով կհաղթի, մեր գործն է հետևել ընտրություններին»,- ընդգծել է նա: Նիքոլսոնը նշել է, որ իր այցի շրջանակներում իրենք բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի նախագահի, ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր նույնպես հետևելու են ընտրությունների ընթացքին:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):