13 ապրիլի 2012 - 11:03 AMT
Վլադիմիր Գասպարյան. Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի սպանությունը քաղաքականության հետ կապ չունի

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա փեսացուի սպանությունը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Այսօր ընտրություններին ընդառաջ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ լրագրողներին այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քաղաքական մոտիվներ չկան:

«Չբացահայտվող հանցագործություններ չկան»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ այս սպանությունը պատկանում է բացահայտվողների, և այն էլ շատ շուտ բացահայտվողների շարքին:

Երեկ երեկոյան սպանվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը: Ըստ չհաստատված լուրերի, Եսայանի և Դուկասյանի դստեր նշանադրության արարողությունը պետք է տեղի ունենար այսօր:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Սև բերդ» կոչվող տարածքում: Քաղաքացիներից մեկը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել է հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ և ահազանգել ոստիկանություն: Մարզային ոստիկանությունում` ժամը 23.30-ի դրությամբ ընթանում էր փակ խորհրդակցություն: Գյումրի էին ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության մասնագետները: Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում կատարել են ընդհանուր զննություն: Երեկ արդեն ինտերնետում և Գյումրիում լուրեր էին շրջում, թե սպանության մեջ կասկածվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին, որին, իբր, տեսել են դեպքի վայրից փախուստի դիմելս: Այս տեղեկությունը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:

Իսկ ապրիլի 13-ին ժամը 00.50-ի սահմաններում 1989 թ. ծնված Ռաֆիկ Մուրադյանը «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 1954 թ. ծնված Վահրամ Բեյբությանին: Վարորդը բերման է ենթարկվել Շիրակի մարզային վարչություն: Ռաֆիկ Մուրադյանը ձերբակալված է: