Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով օրինապահ կառույցին կից ստեղծվել է կայանալիք ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեության կանոնակարգման օպերատիվ շտաբ: Այս մասին ապրիլի 13-ին Երևանում հայտարարել է ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` «Ընտրություններին ընդառաջ» կլոր սեղանի շրջանակներում: Վերջինս կազմակերպվել է ոստիկանության նախաձեռնությամբ` ԵԱՀԿ և ԵՄ երևանյան գրասենյակների աջակցությամբ: Ըստ նրա, շտաբը գլխավորելու է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Ոստիկանապետը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, աջակցություն ցուցաբերել օրինապահ մարմնին` ընտրությունների ընթացքում կարգի պահպանման և իր գործառույթները կատարելու ժամանակ: Վլադիմիր Գասպարյանը նաև ընդգծել է, որ որևէ դիմում անուշադրության չի մատնվի:
Օպերատիվ շտաբը գործելու է մայիսի 5-ի առավոտվա 10:00 մինչև մայիսի 7-ի առավոտյան 10:00, գործելու է նաև «թեժ գիծ»` 54-69-12 և 54-69-14: Գործելու է նաև Հերթապահ մասի «թեժ գիծը»`58-75-00 և 52-03-10 հեռախոսահամարներով:
Կլոր սեղանին մասնակցում են ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ԿԸՀ, դատախազության, ընտրական շտաբերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: