13 ապրիլի 2012 - 12:17 AMT
Նարեգ Հարթունյանի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել

Նարեգ Հարթունյանի քրեական գործի դատական լսումը տեղի կունենա ապրիլի 14-ին` ժամը 11.00-ին` Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 2 նիստերի դահլիճում: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը, նախորդ անգամ Նարեգ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանին, քանի որ վերջինիս անաչառությունը կասկածի տակ էր. նա բարեկամական և ընկերական հարաբերությունների մեջ է մեղադրող կողմի հետ:

Դատավոր Ն. Բաղդասարյանը բավարարել է միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել: Գործը մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Առաջին հայացքից դատավոր Ն. Բաղդասարյանի ինքնաբացարկը մեկ քայլ առաջ է, սակայն դրա նախապատմությունն ամենևին էլ չի հուսադրում, որ Շենգավիթի դատարանում գործի քննության հետ կապված «պարտադիր ցուցումներ» չեն լինի դատավորին, իսկ դատավոր Ալեքսանդր Ազարյանը ինքնաբացարկի հիմքեր չի ունենա և գործը կքննի ու որոշում կկայացնի քրեական օրենսդրության պահանջներին համապատասխան: